Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել | factor.am

factor.am Փետրվարի 28-ին Իրանի նախաձեռնությամբ ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։

Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին հակազդելու քայլերի մասին՝ նշելով, որ դրանք խոչընդոտել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հրատապ նիստ գումարելու ծրագրի մասին։

Սերգեյ Լավրովը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը՝ ընդգծելով դրա անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցելու խաղաղ լուծումների որոնմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն