Որ երկրներն են ընկել հարվածի տակ եւ որ երկրներն են խուսափել հարվածներից․ մեկնաբանել է իրանագետը

Իրանագետ Ժաննա Վարդանյանը տելեգրամյան ալիքում գրել է, թե Իրանի վրա իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակման ֆոնին որ երկրներն են ընկել հարվածի տակ եւ որ երկրներն են խուսափել հարվածներից։

«ԱՄԷ-ում մեկ մարդ է զոհվել իրանական հարվածներից, հայտնել է երկրի ՊՆ-ն։ Էմիրությունների ՀՕՊ-ը որսացել է հրթիռների առնվազն մի մասը։ Հրթիռներ կամ դրանց մնացորդներ են ընկել Աբու Դաբիում։ Քաղաքում նաև պայթյուններ են հնչել օրվա ընթացքում, ենթադրաբար՝ հրթիռներից։

Հակաօդային պաշտպանության հրթիռները գործի են դրվել նաև Դուբայում։ Այնտեղ նույնպես ավելի ուշ եղել են պայթյուններ։ Էմիրությունների իշխանությունը հայտարարել է, որ իրենց իրավունք են վերապահում պատասխանել այդ հարվածներին։ Երկիրը փակել է իր օդային տարածքը։

Կատարի իշխանությունները հայտնել են իրանական հրթիռներ որսալու մասին։ Ավելի վաղ հայտնի էր, որ երկրի մայրաքաղաքում և ամերիկյան ռազմաբազայի մոտ պայթյուններ են եղել։ Կատարի ուղղությամբ հրթիռներն արձակվել են առնվազն երեք փուլով։

Բահրեյնում նույնպես պայթյուններ են եղել, այդ թվում՝ մայրաքաղաք Մանամայում։ Իրանական հրթիռների կողմից թիրախավորվել է մասնավորապես ԱՄՆ նավատորմի տեղական շտաբը։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատապարտել են Իրանի հարձակումները ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի և Հորդանանի դեմ։ Երկրի մայրաքաղաք Էր-Ռիադում նույնպես եղել են պայթյուններ։

Քուվեյթում իշխանությունը հայտնել է, որ որսացել են իրենց ուղղությամբ թռչող հրթիռները, և հայտարարել է իր ինքնապաշտպանության իրավունքի մասին։ Նաև հայտնի է, որ Քուվեյթ քաղաքի տարածքում պայթյուններ են եղել։ Քուվեյթում նաև վնասվել է օտարերկրյա ռազմաբազաներից մեկի թռիչքուղին։ Երկրի օդային տարածքը ժամանակավոր փակվել է։

Իրաքում թիրախավորվել է իրանամետ զինված խմբավորումներից մեկի (Kataeb Hezbollah) բազան։ Երկու մարդ զոհվել է։ Խմբավորումը հայտարարել է, որ շուտով պատասխան հարված են հասցնելու ամերիկյան բազաներին։ Իրաքը փակել է իր օդային տարածքը։

Սիրիայում 4 մարդ է զոհվել, ըստ պաշտոնական աղբյուրի, իրանական հրթիռի ընկնելու պատճառով։ Սիրիայի օդային տարածքը փակ է։

Հորդանանը հայտարարել է երկու բալիստիկ հրթիռներ որսալու մասին։ Մարդիկ չեն տուժել, հրթիռների մնացորդների ընկնելուց մայրաքաղաքում և այլ տեղերում նյութական վնասներ կան։ Հորդանանից նաև ընդգծել են, որ իրենք մասնակից չեն հակամարտությանը և թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը։

Համասը դատապարտել է Իսրայելի գործողությունները։ Ի դեպ, Իսրայելը երեկ կրկին հարվածներ էր հասցրել Գազային։

Եմենի հութիները լրատվամիջոցներին հայտնել են, որ վերսկսելու են հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի դեմ՝ որպես աջակցություն Իրանին։ Նրանք այդ հարձակումները դադարեցրել էին Գազայում հրադադարի հաստատումից հետո։ (Հութիները դաշնակցում են Իրանի հետ)։

Ո՞ր երկրները խուսափեցին հարվածներից

Օմանը չի եղել հարվածների տակ։ Երկու պատճառով։ Նախ այնտեղ չկա ԱՄՆ բազա։ Երկրորդ, Օմանն այն երկիրն է, որը որպես միջնորդ էր հանդես գալիս ԱՄՆ-Իրան բանակցություններում։ Այն հիմա էլ կոչ է անում վերադառնալ բանակցություններին։
Երկրի արտաքին գործերի նախարարը X-ում գրել է, որ հիասթափված է, և որ բանակցությունները կրկին խաթարվել են։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել չխորանալ պատերազմի մեջ։

Լիբանանը նույնպես չի հրթիռակոծվել այս հակամարտության համատեքստում։ Բայց․ մինչև Իրանի դեմ ավիահարվածները, Իսրայելը մի քանի «ընթացիկ» հարված էր հասցրել Լիբանանի տարածքին։ Լիբանանի հարավում պարբերաբար ընկնում են նաև իրանական հրթիռների և իսրայելական ՀՕՊ հրթիռների մնացորդներ»,- ասված է իրանագետի գրառման մեջ։

Լուսանկարը՝ Irna-ի

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն