Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել | 1lurer.am

1lurer.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և մուսուլմանների դեմ, ուստի բոլոր մուսուլմանական երկրները «պետք է կատարեն իրենց պատմական պատասխանատվությունը»՝ չեզոքացնելու տարածաշրջանն ապակայունացնելու ծրագիրը:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ զրույցում էլ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան տապալեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղ կարգավորման բանակցությունները: Արաղչին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու ծրագրերի մասին:

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն