21:00 – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման հրադադարի համաձայնության հասնելը, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն։
«Լիբանանը ներքաշվել է մի պատերազմի մեջ, որը նրա ժողովուրդը չի ցանկանում։ Ես կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը և հասնել համաձայնության, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն»,- ասել է Գուտերեշը։
20։50 – Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի։ Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի, վիրավորների թիվը՝ 1933-ի», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ
20։25 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Վաշինգտոնը չի ծրագրում Իրանում հարստացված ուրանի առգրավման գործողություններ իրականացնել, սակայն ապագայում նման ծրագրեր կարող են ի հայտ գալ:
«Մենք դրա վրա չենք կենտրոնացած, բայց որոշ պահի դա հնարավոր է: Այժմ մենք կենտրոնանում ենք նրանց հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ռմբակոծելու վրա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
17։55 – Fox News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Իրանին ուժեղ հարվածներ են հասցնելու: Ամերիկացի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն զգալի վնաս է հասցրել Իրանին, և «տարիներ» կպահանջվեն ավերածությունները վերականգնելու համար։
17։40 – Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը Մերձավոր Արևելքի պատերազմում մնում է «լիովին պաշտպանողական»։ Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի անօդաչու սարքի հարվածից Իրաքի ինքնավար Քուրդստանի շրջանում սպանվել է ֆրանսիացի զինծառայող։
17։30 – Մերձավոր Արևելքի ընթացիկ հակամարտության հետևանքով Իրանում վնասվել է գրեթե 22,000 քաղաքացիական շենք։ Այս տվյալներն այսօր հայտնել է Միավորված Ազգերի կազմակերպության ներկայացուցիչը։ Իրանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Սալվադոր Գուտիերեսի խոսքով՝ հազարավոր ընտանիքներ ստիպված են եղել լքել հարձակումների ենթարկված տները՝ տեղափոխվելով հիմնականում Իրանի հյուսիսային շրջաններ։
17։05 – Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի հրապարակում, որտեղ մարդիկ հավաքվել էին Ալ-Ղոդսի օրվան նվիրված հանրահավաքի։ Ալ-Ղոդսի օրը Երուսաղեմի պատմական արաբական անվանումն է, օրվան նվիրված երթերը տեղի են ունենում ամեն տարի՝ իսլամական սրբազան Ռամադանի վերջին ուրբաթ օրը։ Իրանը նշում է, որ այս օրը առիթ է՝ պաղեստինցիներին աջակցություն հայտնելու և մուսուլմանների համար Երուսաղեմի կարևորությունն ընդգծելու համար։
14։20 – Իրաքում կործանված ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): CENTCOM-ը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրաքի արևմուտքում, մարտի 12-ի ցերեկը։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։ «Միջադեպի հանգամանքները հետաքննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի վթարը տեղի չի ունեցել թշնամու կամ բարեկամական կրակի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։
14։00 – Իրանի մոտ սպասող թուրքական նավերից մեկը Թեհրանից թույլտվություն է ստացել և անցել Հորմուզի նեղուցով, տեղական լրատվամիջոցներին հղումով հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն։ «Անկարան շարունակում է կապեր հաստատել Իրանի պաշտոնյաների հետ այնտեղ գտնվող 14 նավերի իրավիճակի հարցով։ Այստեղ 15 նավ կա, որից մեկն է դեռ թույլտվություն ստացել»,- լրագրողներին ասել է Ուրալօղլուն։
13։30 – Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի մի շարք այլ շրջաններ ավիահարվածների են ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։ Telegram-ում հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՊԲ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում, Շիրազում և Ահվազում «իրանական վարչակարգի ենթակառուցվածքներին»՝ վնաս հասցնելով նրանց համակարգերին և կարողություններին։
13։00 – Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ջախջախում են» Իրանի ռեժիմը ու նրա աջակցությունն ստացող «Հեզբոլլահը»: Պատերազմի ընթացքում առաջին մամուլի ասուլիսին նա ասել է, որ նաև փորձում են պայմաններ ստեղծել, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա հեռացնել «դաժան բռնակալ ռեժիմին, որը ճնշում է նրանց գրեթե կես դար»։ Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ»-ի ղեկավարին: Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց, ապա նշել է, որ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է և չի ներկայանում հանրությանը:
12։25 – ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության սկսվելու պահից, ենթադրաբար, սպառել է տարիների ընթացքում կուտակված կարևորագույն զինամթերքի պաշարները: Այդ մասին հաղորդել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրների: Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ ԱՄՆ զինանոցի արագ սպառումը ներառում է նաև Tomahawk թևավոր հրթիռների պաշարները:
11։20 – ԱՄՆ զինված ուժերը հայտնում են, որ KC-135 լիցքավորող ինքնաթիռը կործանվել է Իրաքի արևմուտքում՝ մեկ այլ ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի արդյունքում։ «Ինքնաթիռներից մեկը կործանվել է Իրաքի արևմուտքում, մյուսn անվտանգ վայրէջք է կատարել։ Սա թշնամական կամ բարեկամական կրակի պատճառով չի եղել»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ, որը վերահսկում է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը։ KC-135-ը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում կործանված չորրորդ ամերիկյան ռազմական ինքնաթիռն է։
11։00 – ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ շուկայում էներգակիրների պակասը լրացնելու և գների կտրուկ աճը զսպելու համար, հաղորդում է CNN-ը։ Brent տեսակի նավթի գինը 2022-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը՝ մեկ բարելի դիմաց։ Ռուսաստանից արտահանվող նավթի պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը տեղի է ունենում ռուսական նավթային ընկերությունների վրա ԱՄՆ նախկին ճնշումներից հետո, որոնք նպատակ ունեին կասեցնել Մոսկվայի կողմից Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը։
10։40 – ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Վաշինգտոնն ապացույցներ չունի, որ Ռուսաստանն Իրանին օգնություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտության ընթացքում: «Ոչ մի ապացույց չկա, որոնց մասին մենք կարողանայինք հրապարակայնորեն հայտարարել, որ Ռուսաստանը մասնակցում է Իրանի (գործողություններին)։ Բացի այդ, Սթիվեն Ուիթքոֆն ասել է, որ Ռուսաստանն իրեն հայտնել է, որ դա չի անում», – ասել է նա:
10։30 – Իսրայելի Զարզիր քաղաքում հրթիռակոծության հետևանքով 58 մարդ է վիրավորվել։ Նրանցից մեկը միջին ծանրության վիրավորում է ստացել, մնացածը թեթև վիրավորվել են ապակու կտորներից։ Զարզիրը գտնվում է Երուսաղեմից 100 կմ հեռավորության վրա՝ Լիբանանի հետ սահմանին։ «Հեզբոլլահ»-ը վաղ առավոտյան հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավում գտնվող իսրայելական զորքերի ուղղությամբ։
10։00 – Գիշերը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ հաղորդել է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
– Դուբայում ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել առևտրային օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքը: Ըստ տեղի լրատվականների՝ օդային հարձակումը հաջողությամբ կասեցվել է, սակայն բեկորները փոքր միջադեպի պատճառ են դարձել, և տուժածներ չկան:
– Իրաքյան Էրբիլում հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվորական է զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են՝ հայտնել է Մակրոնը:
– Կատարը դատապարտել է Լիբանանի հյուսիսում Իսրայելի հարվածները՝ դրանք բնութագրելով որպես «միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում»:
– Օդային հարվածները շարունակվում են Իրանում, Իսրայելում և Ծոցի երկրներում:
12 մարտի, 2026 թվական
22։00 –Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով 13 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Իրանին։
20։40 – ԱՄՆ նախահագ Դոլալդ Թրամփը The Truth Social-ի իր էջում անդրադարձել է Իրանի սպորտի նախարարի հայտարարությանը այն մասին, որ իրանական կողմը չի մասնակցի 2026 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։
«Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը ողջունելի է Աշխարհի գավաթում, բայց ես իսկապես չեմ կարծում, որ նրանց այնտեղ գտնվելը ճիշտ է՝ ելնելով իրենց սեփական անվտանգությունից»,- գրել է ԱՄՆ նախագահը։
19։37 – Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շնորհակալություն է հայտնել Թեհրանի դաշնակից զինված խմբավորումներին ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, Իրաքում և Եմենում։
Նա նաև ցավակցություն է հայտնել սգացող ընտանիքներին։
19:25 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա:
«ԱՄՆ-ը աշխարհում նավթի խոշորագույն արտադրողն է, ուստի երբ նավթի գներն աճում են, մենք մեծ գումարներ ենք վաստակում։ Բայց, որպես նախագահ, ինձ համար շատ ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն է ներկայացնում Իրանի չար կայսրության միջուկային զենքի առաջացումը կանխելը, որը կարող է ոչնչացնել Մերձավոր Արևելքը և, ըստ էության, ամբողջ աշխարհը: Ես երբեք դա թույլ չեմ տա»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:
18։00 – Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել իր առաջին ուղերձով։ Նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։ «Մենք միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք ջերմ և կառուցողական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ Այնուամենայնիվ, թշնամին տարիներ շարունակ ռազմական և ֆինանսական բազաներ է կառուցել այդ երկրներից մի քանիսում, որպեսզի ապահովի իր գերիշխանությունը տարածաշրջանում»։
– Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների հետ բարեկամությանը, թիրախավորում է միայն ամերիկյան բազաները և կշարունակի նույնկերպ․ «Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում դրանք կենթարկվեն հարձակման», – ասել է նա։
17։00 – «Իրանի տարածքային ամբողջականությունը չպետք է կասկածի տակ դրվի, ոչ էլ ռեժիմի փոփոխության նպատակ դրվի», -հայտարարել է Թուրքիայի ատգործնախարարը Անկարայում՝ գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ասուլիսում։ Ընդգծելով, որ պատերազմի ընդարձակման վտանգը դեռևս չի մարել, Հաքան Ֆիդանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարևան Լիբանանի ռմբակոծությունները՝ «քանի դեռ երկիրը վերջնականապես չի փլուզվել»։
16։30 – Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «մի քանի րոպեից» իր առաջին ուղերձը կհրապարակի, հաղորդել է նրա պաշտոնական Տելեգրամ ալիքը՝ առանց մանրամասնելու՝ դա կլինի ձայնագրված ուղերձ, թե գրավոր հայտարարություն։ Նշվում է միայն, որ անցած շաբաթավերջին ընտրված նոր առաջնորդը կխոսի պատերազմի առաջին օրը սպանված հոր՝ Ալի Խամենեիի, «ժողովրդի, զինված ուժերի, դիմադրության ճակատի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և թշնամիների հետ հարաբերությունների մասին»:
14։50 – Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 12-ին հայտարարել է, որ հրամայել է բանակին պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնմանը։ «Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնմանը և հյուսիսային համայնքներում հանգստության ու անվտանգության վերականգնմանը։ Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի, թե ինչպես վերահսկել տարածքը և կանխել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքները հյուսիսային համայնքներին նկատմամբ և Իսրայելի ուղղությամբ կրակ բացելը, մենք կվերցնենք տարածքը և դա կանենք ինքներս», – ասել է Կացը։
14։00 – Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 216 կին և 198 երեխա։ Մոհաջերանին նաև անդրադարձել է բժշկական հաստատություններին հասցված վնասներին՝ նշելով, որ վնասներ են կրել 21 շտապօգնության բաժանմունքներ, որոնցից երեքը լիովին ավերվել են։ Առողջապահական ոլորտի զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի։
13։40 – Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը համաշխարհային շուկայի պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանման պատճառ է դարձել։ Նշվում է, որ Մերձավոր Արևելքի Ծոցի երկրները հակամարտության արդյունքում կրճատել են նավթի ընդհանուր արտադրությունը օրական առնվազն 10 միլիոն բարելով։ Այս ծավալը հավասար է համաշխարհային պահանջարկի գրեթե 10%-ին։ Էներգետիկայի միջազգային գործակալությունից նշում են, որ առանց նավագնացության հոսքերի արագ վերսկսման, այս կորուստները կավելանան։
13։00 – «Մեծ յոթնյակի» առաջնորդները մարտի 11-ին Մերձավոր Արևելքի իրադրությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ պայմանավորվել են ուսումնասիրել Ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը։ «Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նավերին ուղեկցելու հնարավորությունն ուսումնասիրելու համար, երբ թույլ կտան անվտանգության պայմանները», – ասվում է հանդիպման արդյունքների շուրջ հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
12։50 – Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց նա լավ է։ Այս մասին իտալական Corriere della Sera-ին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Նա վնասվածք է ստացել, բայց լավ է։ Չգիտեմ, թե երբ է իր առաջին ելույթն ունենալու։ Առաջնորդության համար երեք կամ չորս անուն կար, բայց Փորձագետների ժողովի մեծամասնությունը նրան ընտրեց՝ համաձայն Սահմանադրության։ Սա ցույց է տալիս, որ մեր համակարգը չի կառավարվում մեկ մարդու կողմից»,- նշել է Բաղային։
12։40 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները «ոչնչացրին Իրանի միջուկային ներուժը»։ Նրա պնդմամբ՝ Իրանին հաջողվել է սկսել իր միջուկային ծրագրի վերակառուցումը, այն բանից հետո, երբ ինքը ոչնչացրել է նրանց «ներուժը»։ «Ահա թե ինչու մենք պետք է այն ավարտենք։ Մենք չենք ուզում վերադառնալ երկու տարին մեկ»,- ասել է Թրամփը։ Նա հայտարարել է նաև, թե ԱՄՆ-ը հաղթել է Իրանի պատերազմում և «գործնականում ոչնչացրել Իրանը», բայց կմնան պայքարում՝ աշխատանքն ավարտելու համար։
12։30 – Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Իրանի դեսպանին՝ քննարկելու Հորմուզի նեղուցում Թաիլանդի դրոշի ներքո նավարկող «Մայուրի Նարի» նավի վրա մարտի 11-ին տեղի ունեցած հարձակման «հանգամանքները»։ Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ նավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած են համարվում անձնակազմի երեք անդամներ։ Անձնակազմի 20 անդամ հաջողությամբ տարհանվել է։
12։00 – Իրանը հերքել է տեղեկություններն այն մասին,թե Թեհրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող երկու տանկերների անցնել Հորմուզի նեղուցով։ Հերքումը հրապարակվել է այն տեղեկությունների ֆոնին, թե Իրանն ընդառաջել է Հնդկաստանին՝ այդ երկրի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև բանակցություններից հետո։
11։50 – Իրանը թույլատրել է հնդկական դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում։ Հանդիպումից հետո հնդկական երկու լցանավեր՝ «Պուշպակը» և «Պարիմալը», հաջողությամբ անցել են նեղուցով, այն դեպքում, երբ ամերիկյան, եվրոպական և իսրայելական նավերի մուտքն այնտեղ արգելված է։
11։40 – Իրաքի նավթային նավահանգիստների գործունեությունը լիովին դադարեցվել է իրաքյան ջրերում երկու նավթատար նավերի վրա Իրանի հարձակումներից հետո։ Իրաքի նավահանգստային ընկերության գործադիր տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին հայտարարել է, որ թեպետ երկրում նավթային տերմինալների գործունեությունը լիովին դադարեցվել է, սակայն առևտրային նավահանգիստները շարունակում են գործել։
11։30 – Ճապոնական տրանսպորտային Mitsui O.S.K. Lines ընկերությունը հայտարարել է, որ One Majesty կոնտեյներային նավը վնասվել է Պարսից ծոցում խարիսխ գցելու ժամանակ։ Նավի անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, նավը շարունակում է գործել։ Վնասի պատճառն ու չափը դեռևս անհայտ են։ Սկսվել է հետաքննություն։
10։50 – Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունների առաջին 10 օրերի ընթացքում երկրում հարձակման է ենթարկվել տարբեր նշանակության մոտ 9 հազար օբյեկտ։ Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, տվյալները հայտնել է Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին: «Պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում հակառակորդը գնդակոծել է 9 հազար օբյեկտ ամբողջ երկրում», – նշել է Զաքանին։
10։35 – Իրանի կողմից Մերձավոր Արևելքում բանկային ու ֆինանսական սեկտորին հարվածներ հասցնելու մասին հայտարարությունից հետո տարբեր խոշոր բանկեր սկսել են փակել տարածաշրջանում իրենց մասնաճյուղերը։ Ամերիկյան ֆինանսական հսկաներից մեկը համարվող Citigroup-ն աշխատակիցներին հորդորել է լքել գրասենյակները Դուբայի Միջազգային ֆինանսական կենտրոնում և քաղաքի այլ թաղամասում։ Ընկերությունից աշխատակիցներին հորդորել են մինչև հաջորդ ծանուցումն աշխատել տանից։ Նման ծանուցում իր աշխատակիցներին ուղարկել է նաև բրիտանական ֆինանսական հսկան՝ Standard Chartered-ը։ HSBC-ն փակել է բոլոր մասնաճյուղերը Կատարում։
10։20 – Երկու նավթատար է հրդեհվել Իրաքի Բասրա նավահանգստի մոտ տեղի ունեցած հարձակումից հետո։ Դրանք հարձակման են ենթարկվել Իրաքի տարածքային ջրերում բեռնվելիս։ Հարձակման ենթարկված Safesea Vishnu-ն նավարկելիս է եղել Մարշալյան կղզիների դրոշի ներքո, Zefyros-ը՝ Մալթայի։ Մեկ նավաստի զոհվել է, 37-ը՝ փրկվել։ Փրկարարները տարհանել են նավաստիներին։
Իրաքի գլխավոր նավահանգիստների ընկերության տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին հայտնել է, որ նավթը թափվել է ծով, իրաքյան բոլոր նավահանգիստները փակ են։ Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ենթադրվում է, որ պայթուցիկներով լի իրանական նավ է հարձակվել է լցանավերի վրա։
10։00 – Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը մարտի 11-ի դրությամբ հարվածել են իրանական 28 ականադիր նավի։ Հարցին, թե էլ ինչ է պետք անել, որպեսզի ռազմական գործողություններն Իրանում դադարեցվեն, Թրամփն ասել է․ «Նույնից ավելի շատ։ Եվ կտեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը։ Այս պահին նրանք կորցրել են իրենց նավատորմը, կորցրել են իրենց ռազմաօդային ուժերը, նրանք ընդհանրապես չունեն հակաօդային պաշտպանության սարքավորումներ։ Նրանք ռադար չունեն։ Նրանց առաջնորդները չկան։ Եվ մենք կարող էինք շատ ավելի վատ բան անել»։
09։45 – ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորվել՝ ավելի քան 17 հազարը։ «2026 թվականի փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի շարունակական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ կանայք և երեխաներ, և վիրավորվել է ավելի քան 17 հազար խաղաղ բնակիչ»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Իրավանին։
09։10 – Մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները, որոնք Իսլամական Հանրապետությունը իրականացնում է ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների: ՄԱԿ-ի տվյալներով՝ Բահրեյնի՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անունից առաջարկված բանաձևին աջակցել է Անվտանգության խորհրդի 13 անդամ, երկու անդամ՝ Ռուսաստանը և Չինաստանը, ձեռնպահ են մնացել: Բահրեյնի ներկայացուցչի խոսքով՝ բանաձևը, որը համահեղինակել են 135 պետություն, պահանջում է, որ Իրանն անհապաղ դադարեցնի հարևան երկրների վրա հարձակումները:
11 մարտի, 2026 թվական
22։45 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանին հասցրել է «այնպիսի վնաս, ինչպիսին աշխարհի ոչ մի այլ երկիր չի հասցրել», սակայն ընդգծել է, որ երկրի դեմ գործողությունը դեռ չի ավարտվել։
«Մենք հարվածել ենք ռազմածովային ուժերին, մենք հարվածել ենք ռազմաօդային ուժերին, մենք հարվածել ենք նրանց բոլոր հակաօդային պաշտպանության միջոցներին», – չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Թրամփը։
18։40 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պատրաստ է ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականապատ դաշտեր տեղադրելու փորձ անող ցանկացած նավ։
Թրամփը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ նավագնացության համար ցանկացած սպառնալիք լիովին վերացնելու համար։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են ականապատման համար նախատեսված մոտորանավակներ կամ նավեր։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը վճռական է ցանկացած գնով ապահովելու նավթի անխափան տարանցումը ռազմավարական այդ երթուղով։
18։30 – Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 աշակերտ և ուսուցիչ, հայտարարել է Իրանի կրթության նախարար Ալիռեզա Քազեմին։
«Իրանի վրա թշնամու հարձակումների հետևանքով զոհվել է 206 աշակերտ և ուսուցիչ, իսկ 161 մարդ (աշակերտներից և ուսուցիչներից – խմբ.) վիրավորվել է», – ասել է Քազեմին իրանական պետական լրատվական գործակալության
17։40 – Իսպանիայի կառավարությունը հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպան Անա Մարիա Սալոմոն Պերեսին: Այս մասին ասված է երկրի ԱԳՆ հրամանագրում, որը հրապարակվել է Իսպանիայի պաշտոնական պետական տեղեկագրում: Համաձայն փաստաթղթի՝ որոշումն ընդունվել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի առաջարկով՝ մարտի 10-ին Նախարարների խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկումից հետո: Փաստաթուղթը ստորագրել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
17։26 – Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, թե աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի մեկ բարելի համար, քանի դեռ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը չի ավարտվել։ Անցած գիշեր Իրանի բանկերին հասցված հարվածներից հետո երկրի ռազմական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆագարին նաև սպառնացել է համարժեք պատասխան՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ համագործակցող բանկերի վրա։
Էներգետիկ շուկայում խորացող անորոշությունն ու գնաճը մեղմելու համար Ճապոնիան և Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներից։
17։00 – «Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն՝ ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում», – Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները մթագնում են տարածաշրջանային դրական զարգացումները։
15։30 – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը պետք է հնարավորինս արագ դադարեցվի՝ քանի դեռ ամբողջ տարածաշրջանը չի ներքաշվել լայնածավալ հակամարտության մեջ։ Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանում աճող լարվածությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, եթե հակամարտությունը չկասեցվի դիվանագիտական ճանապարհով։ Նա ընդգծել է, որ Անկարան ակտիվ շփումներ է վարում տարածաշրջանի և միջազգային մի շարք դերակատարների հետ՝ լարվածությունը նվազեցնելու և դիվանագիտական գործընթացները վերականգնելու նպատակով։
15։10 – «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտնել է, որ ավարտվել է իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուս աշխատակիցների և նրանց ընտանիքների տարհանման երկրորդ փուլը։ Հայաստանի տարածքով Ռուսաստան է տեղափոխվում 150 մարդ։ «Երեկ երեկոյան մենք ավարտեցինք մեր աշխատակիցների տարհանման հերթական փուլը։ Մի քանի օր առաջ 150 մարդ լքել է «Բուշեր» ատոմակայանը և գիշերը հատել Հայաստանի սահմանը։ Նրանք արդեն ճանապարհին են դեպի մեր երկիր։ Սա տարհանման երկրորդ փուլն է», – լրագրողներին ասել է Լիխաչևը։
14։30 – Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ էներգակիրների ներմուծման տեսանկյունից իրանական պատերազմը Եվրամիության 27 անդամ երկրների քաղաքացիների վրա արդեն արժեցել է մոտ 3 միլիարդ եվրո (3.5 միլիարդ դոլար)։ Այդուհանդերձ, նա կարծիք է հայտնել, որ Եվրոպան ռազմավարական սխալ կգործի, եթե փորձի մեղմել էներգակիրների գների աճը՝ վերադառնալով ռուսական բրածո վառելիքին։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ «Գազի գները բարձրացել են 50%-ով, իսկ նավթի գները՝ 27%-ով։ Եթե դա վերածենք եվրոյի, պատերազմի 10 օրն արդեն եվրոպացի հարկատուներին արժեցել է լրացուցիչ 3 միլիարդ եվրո բրածո վառելիքի ներմուծման համար», – Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հայտարարել է ֆոն դեր Լայենը։
14։00 – CNBC-ի հետ հարցազրույցում Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանն Իրանին է տրամադրում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալներ, և եթե այո, ապա ինչո՞ւ է Թրամփի վարչակազմը վերացրել պատժամիջոցները, որոնք արգելում էին Հնդկաստանին գնել ռուսական նավթ։ Ուիթքոֆն ասել է, որ ինքն ու նախագահի փեսա Ջարեդ Քուշներն առանձին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ, որի ընթացքում վերջինս հերքել է հետախուզական տվյալների վերաբերյալ լուրերը: Նա վստահեցրել է, որ Մոսկվան չի օգնում Իրանին՝ ամերիկյան օբյեկտներին հարվածների հարցով
13։44 – Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի։ Վերահաստատվել է տարբեր բնագավառներում ռուս-ադրբեջանական փոխգործակցության զարգացումը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, որը հիմնված է ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա։ Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին պատճառով Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանմանն աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից իրանցի ժողովրդին մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովելու» համար։
12։50 – ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում ոչնչացրել է իրանական 16 ականապատող նավ։ «Ամերիկյան զորքերը ոչնչացրել են իրանական մի քանի ռազմածովային նավ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող 16 ականապատող նավ»,– ասված է հրամանատարության X-ում հաղորդագրության մեջ։ CNN-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը սկսել է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։
12։40 – Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Ուոնգը մարտի 11-ին խորհրդարանական լսումների ժամանակ հաստատել է, որ նախորդ շաբաթ փակվել են Աբու Դաբիում և Թել Ավիվում դեսպանատները, ինչպես նաև Դուբայում Ավստրալիայի հյուպատոսարանը։ Ուոնգը հայտարարել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը «ավստրալացիների ապահովությունն է տանն ու արտասահմանում»։ «Վտանգավոր ու ապակայունացնող հարձակումներն Իրանի կողմից ռիսկի տակ էին դնում քաղաքացիական անձանց, այդ թվում և ավստրալացիների կյանքերը»,- հայտարարել նա։
12։35 – Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պատերազմի առաջին իսկ օրը ոտքի վնասվածքներ է ստացել, և մասամբ այդ պատճառով էլ ընտրվելուց ի վեր հանրության առջև չի հայտնվել կամ որևէ հրապարակային հայտարարություն չի արել։ Աղբյուրների համաձայն՝ Խամենեիի վնասվածքի մասին իրենց տեղեկացրել են «կառավարական ավելի բարձրաստիճան պաշտոնյաները»։ Նրանք պնդում են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը գիտակցության մեջ է և թաքնվում է հատուկ պահպանվող վայրում՝ սահմանափակ կապի միջոցներով։
12։25 – Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում երկու դրոնի հարվածի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Դուբայի մեդիայի գրասենյակը։ Դուբայի մեդիայի գրասենյակը, որը հայտարարություններ է անում քաղաքի վարչակազմի անունից, հայտնել է, որ Գանայի երկու, Բանգլադեշի մեկ քաղաքացի ստացել են փոքր, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ։
12։00 – Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ նոր հարվածների մասին։ Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի՝ մարտի 10-ի լույս 11-ի գիշերն Իրանը վերսկսել է հարձակումները Պարսից ծոցի իր հարևանների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող իսրայելական և ամերիկյան թիրախների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները պնդում են, որ հրետակոծությունն «ամենաինտենսիվն ու զանգվածայինն» էր հակամարտության սկզբից ի վեր։
11։00 – «Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին, դրան մոտ հայկական մի միություն կա, այնտեղ ապակիներ են փշրվել, հայ մարդ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ երեխա վիրավորվել է»,- Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ Ըստ նրա՝ Իրանի այլ հայկական թաղամասերին մոտ հարձակումներ եղել են, սակայն հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Հարցին՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց հայկական թաղամասը, Քեշիշյանը պատասխանեց․ «Նրանք թիրախավորում են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև ոստիկանատները, այդ տարածքում ոստիկանատուն կար։ Մյուս տեղերն էլ, որ նորից հայկական թաղամասերին մոտիկ էին, ոստիկանատներ են եղել, որ հարվածվել են»։
10։00 – Իրանի դեմ Միացյալ Նահանգների նախաձեռնած պատերազմում տասը օրերի ընթացքում վիրավորվել է ամերիկացի 150 զինվորական։ Այս մասին լավատեղյակ երկու աղբյուր հայտնել է Reuters-ին։ Ամերիկյան զինված ուժերում վիրավորների նման թիվ հաղորդվում է առաջին անգամ։ Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ վիրավորների թիվը մոտ 140 է՝ ընդգծելով, որ դրանց մեծամասնությունը փոքր վնասվածքներ են։
10 մարտի, 2026 թվական
20։40 – «Իրանը առնվազն 6000 տարվա քաղաքակրթության ժառանգորդն է։ Պատմության փորձությունների միջով ոչ մի տերության երբեք չի հաջողվել ջնջել այս պատմական անունը։ Ամեն ոք, ով Իրանը ոչնչացնելու պատրանք ոընի, ոչինչ չգիտի պատմության մասին։ Ագրեսորներ են եկել ու գնացել, Իրանը դիմացել է։»,- գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը X սոցիակալան ցանցի իր էջում։
20։10 – «Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի բնակչությանն օգտագործում է որպես վահան»,- ասել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչիի։
«Այս թույլ բանակն անկարող է նույնիսկ ապահովել իր սեփական անվտանգությունը. որոշ ամերիկացի հրամանատարներ և զինվորներ, դուրս գալով (իրանական) զինված ուժերի հզոր հարձակումների մահացու ճահճից, տարածաշրջանային երկրների բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահաններ», – նրա խոսքերն է մեջբերել IRNA լրատվական գործակալությունը։
18։20 – Մերձավոր Արևելքում ծավալվող լայնածավալ պատերազմի ֆոնին Լիբանանում մարդասիրական ճգնաժամը խորացել է. 84 երեխա է զոհվել, իսկ ավելի քան 667 հազար մարդ ստիպված է եղել լքել տները, հաղորդել է ՄԱԿ-ի երկու գործակալություն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 486 մարդ զոհվել է, իսկ 1313-ը՝ վիրավորվել, որոնց թվում՝ 259 երեխա։
18։00 – Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «այսօր Իրանի տարածքում ամենաինտենսիվ հարվածների օրը կլինի»։ Նա նշել է, որ Իրանի դեմ կօգտագործվեն ամենամեծ թվով կործանիչները, ամենամեծ թվով ռմբակոծիչները, և կիրականացվեն ամենամեծ թվով հարվածները։ Հեգսեթը նաև նշել է, որ վերջին 24 ժամում Իրանը ամենաքիչ թվով հրթիռներն է արձակել։
17։30 – Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ ու նշել Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցել քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ «Լավրովը վերահաստատել է սկզբունքային դիրքորոշումը՝ իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի և այն քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելու օգտին, ինչին Ռուսաստանը մշտապես պատրաստ է աջակցել՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգության շահերը», – ասված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
16։40 – Իրանից արձակված բալիստիկ հրթիռներն ընկել են Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայի գերմանական հատվածի վրա մարտի 8-9-ը հարձակման ժամանակ, հայտնում է Spiegel-ը։ Նույն ավիաբազայում են տեղակայված նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Գերմանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել զորանոցները, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորականները։ Հարձակման պահին նրանք ապաստարաններում են եղել, ոչ ոք չի տուժել։
15։20 – Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով։ Կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։ Իրանում զարգացումների հետևանքով զորհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան: [ՀՀ ԱԳՆ]
14։20 – Չնայած Անկարայի անկեղծ նախազգուշացումներին, շարունակվում են ծայրահեղ սխալ և սադրիչ քայլերը, որոնք վտանգում են Թուրքիայի բարեկամությունն այլ երկրների հետ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ երկրի տարածքում բալիստիկ հրթիռի հարվածի մասին: Հրթիռն ընկնելուց հետո նախազգուշացումներ են ուղարկվել Իրան՝ նշել է Թուրքիայի ղեկավարը: Նա հավելել է, որ 60 հազար զինվորական պաշտպանում է Թուրքիայի սահմանը, և երկիրը պատրաստ է հետ մղել ցանկացած սպառնալիք և պահպանել երկրի անվտանգությունը:
13։35 – Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալաթիա նահանգում հակաօդային Patriot և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։ Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է տարածաշրջանում լարվածության աճի և օդային սպառնալիքների, այդ թվում՝ հնարավոր հրթիռային հարվածների և երկրի օդային տարածքի խախտումների պատճառով։
13։20 – Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է՝ Իրանը շարունակելու է հրթիռային հարվածներն այնքան, որքան անհրաժեշտ է: «ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։ Մենք ամերիկացիների հետ շփվելու դառը փորձ ունենք: ԱՄՆ-ը և Իսրայելը չկարողացան հասնել Իրանում ռեժիմի փոփոխության պատերազմի առաջին օրերին, այժմ նրանց գործողություններն աննպատակ են»,- ասել է Արաղչին։
13։00 – Ինչ էլ ցույց տա զեկույցը, ես պատրաստ եմ համակերպվել դրա հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կընդունի որևէ պատասխանատվություն Իրանում Մինաբի ռազմական բազայի մոտ գտնվող տարրական դպրոցին հարվածի համար, որի հետևանքով զոհվել է 168 մարդ, որոնցից 110-ը երեխաներ են։
12։40 – Սիրիական բանակը հայտարարել է, որ Լիբանանից արձակված հրետանային արկերն ընկել են Դամասկոսից արևմուտք գտնվող Սերղայա գյուղաքաղաքի մոտակայքում։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը։ Բանակը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին սիրիական բանակի դիրքերը թիրախավորելու համար։ Գործակալության տեղեկացմամբ՝ «Հեզբոլլահ»-ի ուժերի ամրացումներ են նկատվել սիրիա-լիբանանյան սահմանին։
12։29 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ նրան ասել են Իրանում իրականացվող գործողությանը Վաշինգտոնի մասնակցությունը դադարեցնելու միջոց գտնելու անհրաժեշտության մասին, հաղորդել է The Wall Street Journal (WSJ)-ը։ «Նրա որոշ խորհրդականներ անձնական զրույցներում նրան կոչ են արել գտնել դուրս գալու ծրագիր (գործողությունից – IF)՝ նավթի գների աճի և այն մտահոգությունների ֆոնին, որ երկարատև հակամարտությունը կարող է հանգեցնել քաղաքական ասպարեզում բացասական արձագանքի», – ասվում է հայտարարության մեջ։
12:00 – Գերմանիան Բաղդադում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերել Իրաքից՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունից առաջացած անվտանգության մեծ ռիսկերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ «Բաղդադում Գերմանիայի դեսպանատան անձնակազմը ժամանակավորապես տեղափոխվել է Իրաքից՝ վտանգավոր իրավիճակի պատճառով»,- հայտնել է խոսնակը՝ հավելելով, որ աշխատակազմի անվտանգությունն անընդհատ գնահատվում է։
11:45 – ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրաքյան Քրդստանում ամերիկյան ռազմաբազային հարված հասցնելու մասին։ Թրամփը հայտնել է, որ պատերազմը կավարտվի «շատ շուտով»։ Սրա ֆոնին նավթի գները նվազել են՝ 1 բարելի դիմաց 120 դոլարից հասնելով 93 դոլարի։ Ծոցի երկրները, Լիբանանը, Թեհրանը, Թել Ավիվը շարունակում են լինել օդային հարվածների ներքո։
11:20 – Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո։ Այն ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ և մոտ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։
10:50 – Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։ «Իրանը միշտ հայտարարել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու իր պատրաստակամության մասին՝ պայմանով, որ մեր հարևանների օդային տարածքը, ցամաքը և տարածքային ջրերը չօգտագործվեն իրանական բնակչության վրա հարձակվելու համար», – ասվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ։
10:30 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցյալ ամիս Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել է «շատ-շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։ «Մենք շատ վճռական հաղթում ենք։ Մենք շատ ավելի առաջ ենք ժամանակացույցից», – նշել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։ «Դա շուտով կավարտվի»։ Հարցին, թե արդյոք այն կավարտվի՞ այս շաբաթ, ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ՝ ոչ, բայց ասել է. «Շուտով, շատ շուտով»։
09:55 – Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով»։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում՝ ընդգծելով, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի դեմ «անօրինական միջամտություններին» և Իրանի կողմից տարածաշրջանի երկրների թիրախավորմանը։ Իրանի նախագահը ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև։
09:40 – Թրամփի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը՝ համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր երեք աղբյուրներին։
09:00 – Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցը, որը տևել է մոտ մեկ ժամ, կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Շեշտը դրվել է Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և ուկրաինական կարգավորման շուրջ ընթացող եռակողմ բանակցությունների վրա։ Ռուսաստանի նախագահը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված իրանական հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»,- հայտնել է Ուշակովը։
09 մարտի, 2026 թվական
22։25 – Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլահըին՝ Թուրքիայի տարածքի վրա այսօր արձակված հրթիռը խոցելուց հետո։ Թուրքիայի ԱԳՆ-ն դեսպանին են հայտնել է Թուրքիայի արձագանքը և միջադեպի վերաբերյալ մտահոգությունները։
22։07 – Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Լիբանանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռներ են որսացել, որոնցից մի քանիսն ընկել են բաց տարածքում։
21։05 – «Ես անմիջապես կցանկանայի նշել, որ Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը անխուսափելիորեն կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը. դրանք կբարձրացնեն նավթի և գազի գները, կսահմանափակեն այդ ռեսուրսների մատակարարումները ամբողջ աշխարհում և, իհարկե, կխաթարեն երկարաժամկետ ներդրումային ծրագրերը», – ասել է Վլադիմիր Պուտինը նավթի և գազի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։
20։00 –Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Թուրքիայի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակմանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը։ Նման գործողություններն անընդունելի են, քանի որ լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։ Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիային, աջակցում ենք Թուրքիայի կառավարության ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը։ Ադրբեջանը կանգնած է Թուրքիայի կողքին»,- ընդգծվում է պաշտպանության նախարարության հայտարարությունում։
17:50 – «Մերձավոր Արևելքում պատերազմի սրման և Հորմուզի նեղուցի փակման պայմաններում էներգակիրների համաշխարհային մատակարարումների զգալի մասը վտանգված է։ Հատկապես խոցելի է Եվրոպան, քանի որ ԵՄ-ն արդեն արգելել է ռուսական էներգակիրների ներմուծումը: Այժմ էլ Մերձավոր Արևելքում հակամարտությունն է կրճատում համաշխարհային մատակարարումները: Երբ առաջարկը նվազում է, գները բարձրանում են: Այսպիսով, Եվրոպան կանգնած է գների կտրուկ բարձրացման վտանգի առաջ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Նա զգուշացրել է, որ եթե Բրյուսելը պահպանի պատժամիջոցները, դա լուրջ վնաս կհասցնի Եվրոպայի ժողովրդին ու եվրոպական տնտեսությանը։ Սիյարտոյի համոզմամբ՝ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել եվրոպացիների շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե գաղափարախոսությանը:
16։15 – Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Նշվում է, որ հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի դատարկ դաշտերում։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
16։05 – Լիբանանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Բեյրութի հարավային արվարձաններին օդային հարված է հասցվել, այն բանից հետո, երբ Իսրայելը զգուշացրել է, որ թիրախավորելու է «Հըզբոլլահ»-ի հետ կապված ընկերության մասնաճյուղերը։
15։55 – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։
14։50 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է Իրանում Մոջթաբա Խամենեիին որպես նոր գերագույն առաջնորդ նշանակման կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։ Հաղորդավար Բրայան Քիլմիդը նշել է, որ նոր առաջնորդի ընտրության հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և նա ասել է նրան. «Ես գոհ չեմ»։
14։10 – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ «Այժմ, երբ երկիրը դիմակայում է զինված ագրեսիային, Խամենեիի գործունեությունն այդ պաշտոնում խիզախություն և անձնվիրություն է պահանջում»,– ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը եղել է և կլինի Իսլամական Հանրապետության հուսալի գործընկերը:
13։25 – Եվրոպայում մարտի 9-ի սակարկությունների բացմանը գազի գինը 2023 թ. հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները: Այս դինամիկան նկատվում է նավթի գնանշումների աճի և Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին:
12։55 – Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի Նաբաթիայի շրջանում, որտեղ գտնվում էր Ռուսական մշակութային կենտրոնը, հաղորդում է Ruptly-ն: Շենքն ամբողջությամբ ավերված է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան:
12։47 – Նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը Իրանի սահմանադրական օրենսդրությանը համապատասխան իրականացվող ընթացակարգ է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Մոջթաբա Խամենեիի՝ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրությունը։ «Այս որոշումը կայացվել է իրանական կողմից՝ այդ պետության սահմանադրական իրավունքին համապատասխան ձևով», – նշել է նա։
12։30 – Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում՝ Իրանի հետ պատերազմի պայմաններում թուրք բնակչության անվտանգությունը բարձրացնելու համար, հայտարարել է Պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կձեռնարկի լրացուցիչ միջոցներ։
12։25 – Իրանում արդեն տաս օր է ինչ համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է։ Այս մասին հայտնում է NetBlocks միջազգային ծառայությունը՝ նշելով, որ ցանցին միացման մակարդակը կազմում է նորմայի ընդամենը 1%-ը։
12։20 – Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ «Իրանը շարունակում է իր ագրեսիան՝ հիմնվելով որևէ փաստական հիմքից զուրկ անհեթեթ պատրվակների վրա», – հայտարարել է թագավորության ԱԳ նախարարությունը։
12։08 – Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մատակարարումների համար այն բանից հետո, երբ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր նավթավերամշակման գործարանում։
– Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի Սիտրա կղզու շրջանում։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ վիրավորվել է առնվազն 32 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
11:40 – Պատերազմը չի մեղմացել․ Իսրայելը հայտարարել է, որ հարվածների նոր ալիք է սկսել Բեյրութի և Իրանի կենտրոնի ուղղությամբ, իսկ Իրանը հայտնել է հրթիռային հարվածներ սկսելու մասին։
– Թրամփը նշել է, որ ինքը Նեթանյահուի հետ միասին կորոշի երբ ավարտել պատերազմը։
– «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ Լիբանանի հարավում իսրայելցի զինվորականների խմբի է թիրախավորել։
– Ծոցի երկրները հաղորդել են նոր օդային հարվածների մասին․ Բահրեյնում հրդեհ է Մաամիրի օբյեկտում, Սաուդյան Արաբիան ԱԹՍ է ոչնչացրել, որի թիրախը Շայբա նավթահանքն էր։
– Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 100 դոլարից ավելիի։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը զգուշացրել է համաշխարհային գնաճի ռիսկերի մասին և խորհուրդ տվել պատրաստվել «անհավանականին»։
11:30 – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած զրույցի մասին։ «Զրուցել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նրան տեղեկացրել եմ, որ ներկայումս Ֆրանսիայի դեսպանատան տարածքում գտնվող Սեսիլ Քոլերի և Ժակ Փարիսի անվտանգությունն ու վերադարձը Ֆրանսիա մեզ համար բացարձակ առաջնահերթություն են», – նշել է Մակրոնը։
10։10 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «միասնական» և կկայացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ։ The Times of Israel-ի հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ Նեթանյահուն իր ազդեցությունը կունենա հակամարտության կարգավորման մեջ:
09։50 – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայտնել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանի վրա հարձակման հետ։
Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը երկուստեք կարևորել են Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը։
Զրուցակիցները նաև կարևորել են համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ:
09։38 – Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ։
Մոջթաբա Խամենեին իսրայելաամերիկյան հարձակման ժամանակ այս տարվա մարտի 1-ին զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ABC News-ին հայտնել էր, որ Իրանի նոր ղեկավարը «երկար չի դիմանալու», եթե առաջին հերթին իր հաստատումը չստանա։
08 մարտի, 2026 թվական
21:20 – Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը և կկարողանա պաշտպանվել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք լիովին ունակ ենք գետնի վրա կռվելու: Մեր քաջարի զինվորները սպասում են թշնամիների, որոնք կարող են ներխուժել մեր տարածք, և պատրաստ են կռվել և ոչնչացնել նրանց», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում:
20։44 – Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում հրադադարի հնարավորությունը՝ հայտարարելով, որ պետք է լինի հակամարտության «մշտական ավարտ»։ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին պնդել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հրադադար են պահանջում»: «Սա տեղի չի ունենալու:Պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ, և մինչև այդ կետին հասնելը, կարծում եմ, պետք է շարունակենք պայքարը մեր ժողովրդի անվտանգության համար»։ Այս պնդումը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 6-ին հայտարարել էր, որ Իրանի հետ «անվերապահ հանձնվելուց» բացի այլ համաձայնագիր չի կնքվի։
19։30 – Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Արաբական Միացյալ Էմիրություններից բացի այլ երկրներ մեկնելու վերաբերյալ նախազգուշացում է տարածել։ Մասնավորապես, Խորհուրդը հորդորել է խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան ճամփորդելուց։
18։10 – Իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը նոր վտանգավոր փուլ է թևակոխել՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված կանխամտածված հարվածներով։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։ «Վառելիքի պահեստների վրա այս հարձակումներն այլ բան չեն, քան կանխամտածված քիմիական պատերազմ իրանցի քաղաքացիների դեմ։ Հարձակվելով վառելիքի պահեստների վրա՝ ագրեսորները օդ են արտանետում վտանգավոր նյութեր և թունավոր տարրեր՝ թունավորելով քաղաքացիական բնակչությանը, քայքայելով շրջակա միջավայրը և զանգվածաբար վտանգելով մարդկանց կյանքը»,- նշել է Բաղային։
17։35 – Նորվեգիայի ոստիկանությունը չի բացառել, որ մարտի 8-ի առավոտյան Օսլոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչության հետևանք լինել։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպատների և հյուպատոսությունների անվտանգության մակարդակի բարձրացման ֆոնին՝ պայմանավորված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններով, ինչի հետևանքով իրավիճակը Մերձավոր Արևելքում գնալով սրվում է։
17։00 – Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի նավթավերամշակման գործարանին։ Նշվում է, որ Իրանը պատասխանել է այդ հարվածներին՝ իր հերթին թիրախավորելով Հայֆայի նավթավերամշակման գործարանը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հայֆայի նավթավերամշակման գործարանին մի քանի հրթիռային հարված է հասցվել։
16։52 – Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իրանից և ամբողջ Մերձավոր Արևելքից շարունակում են հասնել մտահոգիչ լուրեր՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը և նոր ջանքեր գործադրել երկխոսության ուղղությամբ։ Նա զգուշացրել է, որ հակամարտությունը սնուցում է վախ և ատելություն և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ավելի տարածվել։
15։30 – Միացյալ Արաբական Էմիրությունները և Քուվեյթը սկսել են կրճատել նավթի արդյունահանումը Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին, որը կարևորագույն դեր ունի նավթի համաշխարհային առևտրում։
14։05 – Իսրայելի իշխանությունները փետրվարի 28-ից առաջին անգամ մասնակիորեն բացել են երկրի օդային տարածքը, ուղևորների սահմանափակ թվով առաջին չվերթները կայացել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից։ Թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել El Al, Israir, Arkia և Air Haifa ավիաընկերությունները։ Նշվում է նաև, որ այս փուլում իրականացվում են սահմանափակ թվով տարհանման չվերթներ։
13։02 – Իրանի Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Այդ մասին հայտարարել է այդ ժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Միրբաղերին։ Նա նշել է, որ խորհրդի անդամները վերջին օրերին առավելագույն ջանքեր են գործադրել թեկնածուի շուրջ որոշում կայացնելու համար․ «Փառք Աստծո, ձևավորվել է հստակ և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը»։
12։30 – 4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյուրանոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
12։10 – Չինաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է այն հինգ հիմնական սկզբունքները, որոնք, ըստ Չինաստանի, պետք է հիմք հանդիսանան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։
– Առաջին սկզբունքը, նրա խոսքով, պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքն է։
– Երկրորդ սկզբունքը վերաբերում է ուժի կիրառման մերժմանը։
– Երրորդ սկզբունքը ներքին գործերին չմիջամտելու սկզբունքն է։
– Չորրորդ սկզբունքը քաղաքական կարգավորման անհրաժեշտությունն է։
– Հինգերորդ սկզբունքը, նրա խոսքով, գերտերությունների կառուցողական դերն է։
10։40 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ էթնիկ քրդերը ցամաքային հարձակում սկսեն Իրանի ռեժիմի դեմ՝ ասելով, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են նրանք «վիրավորվում և սպանվում»։ «Ինչպես գիտեք, մենք շատ բարեկամական ենք քրդերի հետ, բայց չենք ուզում պատերազմն ավելի բարդ դարձնել, քան այն արդեն իսկ կա: Այո, ես դա բացառել եմ։ Ես չեմ ուզում, որ քրդերը մտնեն։ Ես չեմ ուզում, որ քրդերը վիրավորվեն և սպանվեն: Նրանք պատրաստ են մտնել, բայց ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում, որ նրանք մտնեն։ Պատերազմը բավականին բարդ է առանց քրդերի ներգրավման», – նշել է Թրամփը։
07 մարտի, 2026 թվական
21։00 – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Զելենսկին հավելել է, որ Մակրոնը աջակցել է Ուկրաինայի ջանքերին՝ օգնելու տարածաշրջանին իր փորձագիտությամբ՝ հակազդելու իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերին։
19։10 – Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը էսկալացիայի սկզբից ի վեր հասել է 294-ի, ավելի քան հազար մարդ վիրավորվել է, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:
18։45 – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ: Էրդողանն ընդգծել է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումներից հետո վերջին սրման վերաբերյալ մտահոգությունները: «Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի վրա հարձակումներով սկսված գործընթացին։ Եթե միջամտությունները երկարաձգվեն, դրանք կարող են զգալի վնաս հասցնել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը։ Դեռ կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել երկխոսության հարթակ կառուցելու համար, և մեր խաղաղությանն ուղղված ջանքերը շարունակվում են», – ասել է Էրդողանը։
17։32 – Այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։
Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։ [ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան]
16։00 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը truthsocial-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա՝ նշելով, որ «լրջորեն քննարկվում են լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան դեպքեր, որոնք մինչ այս պահը չէին դիտարկվում որպես թիրախ»։ «Իրանը, որը հիմա ուժեղ հարվածների է ենթարկվում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքի իր հարևաններից և խոստացել է, որ այլևս նրանց վրա չի կրակի։ Այդ խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անընդհատ հարձակումների պատճառով։ Նրանք փորձում էին գրավել և ղեկավարել Մերձավոր Արևելքը։
15։40 – Վաշինգտոնը հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել ևս 4-6 շաբաթ: Սպիտակ տունը նաև մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Իրանը պետք է հանձնվի: «Նախագահը՝ որպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և երբ «Էպիկական ցասում» գործողության նպատակները կարող են լիովին իրականացված համարվել։ Իրանական կողմի հարվածների ինտենսիվությունն էլ նվազել է 90 տոկոսով»,- նշել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը:
15։10 – ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։
13։42 – Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը:
13։10 – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը հաստատել է հարևան երկրների դեմ հարձակումների դադարեցումը, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի, հայտնում է Reuters-ը։ Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Իրանը շարունակում է հարձակումներ իրականացնել տարածաշրջանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարվածների։
12։20 – Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնում է, որ գիշերը Թեհրանում և Իրանի կենտրոնում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ալիքը թիրախավորել է Իրանի մի քանի կարևոր ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանը և ռազմական ակադեմիան․ գրում է TheTtimes of Israel-ը։ Ռազմական կառույցի տվյալներով՝ հարվածների ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 80 կործանիչ ինքնաթիռներ թիրախների վրա նետել են շուրջ 230 ռումբ։
11:14 – Իրանում արդեն զոհվել է առնվազն 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ, կան հազարավոր վիրավորներ, հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդը։
11:00 – Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ կապը կրում է մշտական բնույթ։
Նրանցից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։
Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, որոնց պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։
[ՀՀ ԱԳՆ խոսնակ]
10:25 –Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Փեզեշքիանը մանրամասն ներկայացրել է հակամարտության վերջին ակտիվ փուլի զարգացումները։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, Իրանի շուրջ, Մերձավոր Արևելքում առաջացող ցանկացած խնդրի լուծման համար ուժի կիրառման մերժման և դիվանագիտական կարգավորման ուղուն արագ վերադարձի։
06 մարտի, 2026 թվական
21։35 – «Կապիտուլյացիայից հետո, երբ ընտրվեն մեծ ու ընդունելի առաջնորդներ, մենք՝ մեր բազմաթիվ հիանալի դաշնակիցների ու գործընկերների հետ միասին, անխոնջ կաշխատենք՝ Իրանը վերադարձնելու կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ։
Իրանը կունենա հրաշալի ապագա»,- գրել է Դոնալդ Թրամփը The Truth Social-ում։
21։25 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Իրանի ղեկավարությունը «չեզոքացված է» և ինքը փնտրում է նոր ղեկավար, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նույնիսկ եթե այդ առաջնորդը լինի կրոնական և երկիրը չլինի ժողովրդավարական պետություն։
«Իրանը այլևս այն երկիրը չէ, ինչ մեկ շաբաթ առաջ էր։ Մեկ շաբաթ առաջ նրանք հզոր էին, իսկ հիմա չեզոքացված են», – ասել է նա
21։15 – Տարածաշրջանում լարվածության սրման սկսվելուց ի վեր Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 217 մարդ, վիրավորվել 798-ը։
20։40 – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, միայն պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին, աջակցում է Լիբանանին:
19:50 – Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հաղորդել է՝ ««Իրական խոստում 4» գործողության 21-րդ ալիքը սկսվել է Թել Ավիվի սրտում գտնվող թիրախների դեմ «Խեյբար» հրթիռների և անօդաչու սարքերի արձակմամբ»:
19։00 – Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Հայտնում են Իսրայելական լրատվամիջոցները։
18:50 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ չի ընդունի Իրանի հետ պատերազմի որևէ ավարտ, բացի Իսլամական Հանրապետության անվերապահ կապիտուլյացիայից։
17։35 –ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ անցած շաբաթ Պակիստանի հետ ռազմական գործողությունների սրումից ի վեր սպանվել է 56 աֆղանստանցի քաղաքացիական անձ, որոնց գրեթե կեսը երեխաներ են։
«Եվս 129 մարդ, այդ թվում՝ 41 երեխա և 31 կին, վիրավորվել են», – ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան, ընդգծելով՝ բռնության հետևանքով հումանիտար օգնությունը չի կարող հասնել բազմաթիվ մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։
16։53 – Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:
16։30 – Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորել են մեկ այլ տարրական դպրոց Թեհրանում։ «X»-ում գրառման մեջ Իսմայիլ Բաղային կադրեր է հրապարակել։ Իրանը հայտնում է նաև, որ հարված է հասցվել նաև Շիրազ քաղաքում գտնվող բնակելի շենքերի։ Իրանական կողմը հայտնում է, որ իրենք թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներ, և նոր հատվածներ ևս լինելու են։ Իրանը նշում է, որ թիրախավորում է Իսրայելի տարածքը։
16։03 – Իսրայելը պնդում է, որ «ոչնչացրել է Խամենեիի ստորգետնյա բունկերը»: Իսրայելի զինված ուժերը պնդում են, որ իրենց 50 կործանիչներ հարվածել են Թեհրանում գտնվող այն ստորգետնյա բունկերին, որը կառուցվել էր առաջնորդի համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները շարունակել են օգտագործել բունկերը Խամենեիի սպանությունից հետո։
14։46 – Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։
14։04 – Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ տարհանման վերաբերյալ հրահանգներ են տրվել։
13։00 – ԱՄՆ իշխանություններն իրենց աշխատակիցներին ու քաղաքացիներին խորհուրդ են տալիս չմեկնել Ադրբեջանի Նախիջևանի շրջան։ Հանձնարարականը տրվել է Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
12։30 – Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես փակել իրենց դեսպանատունն Իրանում. դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատանքը կշարունակի Ադրբեջանից: Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք փակել ենք Իտալիայի դեսպանատունը Թեհրանում։ Մոտավորապես 50 իտալացուց բաղկացած խումբը՝ Իրանում մեր դեսպանի գլխավորությամբ, արդեն հատել է Ադրբեջանի հետ սահմանը», – գրել է Տայանին X սոցիալական հարթակում:
11։55 – ԱՄՆ զինվորական քննիչները կարծում են, որ հավանական է՝ ԱՄՆ ուժերն են պատասխանատու շաբաթ օրը Իրանում աղջիկների դպրոցի վրա ակնհայտ հարվածի համար, որի հետևանքով տասնյակ երեխաներ են զոհվել, սակայն դեռևս վերջնական եզրակացության չեն եկել կամ չեն ավարտել իրենց հետաքննությունը, Reuters-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։ Reuters-ը չի կարողացել հետաքննության վերաբերյալ ավելի շատ մանրամասներ պարզել, այդ թվում՝ ի՞նչ ապացույցներ են նպաստել նախնական գնահատականին, ի՞նչ տեսակի զինամթերք է օգտագործվել, ո՞վ է պատասխանատու կամ ինչո՞ւ է ԱՄՆ-ն կարողացել հարվածել դպրոցին։
11։23 – Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավթի և հեղուկացված բնական գազի նավերի անվտանգ անցման թույլտվություն տալու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք դիվանագիտական աղբյուրների։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե փակում է Հորմուզի նեղուցը և պնդել՝ լիովին վերահսկում է այն:
11։00 – Իրանում ամերիկյան ուժերի կողմից անցկացվող «Էպիկական ցասում» գործողությանը մասնակցում է 50 000 զինծառայող. վերջին 72 ժամում ամերիկյան ուժերն Իրանի տարածքում խոցել են 200 թիրախ, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը։ Նա հավելել է, որ ամերիկյան B-2 ռմբակոծիչները տասնյակ ռումբերով թիրախավորել են Իրանում բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ, որոնք գտնվում են գետնի տակ մեծ խորության վրա։ Քուփերի խոսքով՝ վերջին 24 ժամում Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակումները նվազել են 90%-ով, անօդաչու թռչող սարքերով հարձակումները՝ 83%-ով։
10։20 – Այսօր պատերազմի 7-րդ օրն է։ Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն, Իսրայելն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները։ Հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում։
– Գիշերը իսրայելական կործանիչները ռմբակոծել են Լիբանանի հարավային և արևելյան քաղաքները, այդ թվում Բեյրութը։
– Քուվեյթում հզոր պայթյունների մասին հաղորդագրությունների ֆոնին օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
– Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ կասեցրել են Դոհայում ավիաբազայի դեմ ուղղված անօդաչու թռչող սարքի հարձակումը։
09:50 – Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինան մշակել է իրանական «Շահեդ» անօդաչու սարքը խոցելու արդյունավետ միջոցներ: Թեմային ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ուկրաինացիները կսկսեն աշխատանքը «առաջիկա մի քանի օրվա ընթացքում»։
05 մարտի, 2026 թվական
22։40 – Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությանն անձամբ մասնակցելու ցանկություն է հայտնել։ Դոնալդ Թրամփը նշել է, որ սպանված Ալի Խամենեի որդին, որն Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուն է, ընդունելի չէ իր համար։
21։30 – Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է այսօր առավոտյան Ադրբեջանի Նախիջևանի միջազգային օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածը, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
21։25 – Իրանի պետական «Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամը» հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1230-ի։
21։11 – Ադրբեջանի նախարարների կաբինետը «հաշվի առնելով այս հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, որոշում է կայացրել նաև ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների (ներառյալ տարանցիկ տրանսպորտային միջոցների) տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով»։
20։10 – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում վերջինս դատապարտել է «Ադրբեջանի դեմ Իրանի կանխամտածված և բացահայտ ագրեսիան»: Սաարը նշել է, որ դա բացարձակապես անընդունելի է։
20։00 – Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։
19։15 – «Անկարան դատապարտում է Ադրբեջանի Նախիջևանի տարածաշրջանին հասցված հարվածը», – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ կոչ անելով՝ «դադարեցնել երրորդ երկրներին հասցվող հարվածները»։
18։35 – Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Արաղչին հերքել է Իրանի՝ Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու մասին տեղեկությունը։
17։45 – Իրանի կողմից Թուրքիայի վրա հրթիռային հարվածը լուրջ միջադեպ էր, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը հիմք չի ստեղծում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի փոխադարձ պաշտպանության կետը գործարկելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում մյուս բոլորի վրա։
17:30 – Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։ Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ։
17:05 – Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա ԱԹՍ-ների արձակումը։ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
16։30 – Թուրքիան հերթական անգամ ընդգծում է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ցանկացած թշնամական գործողության՝ անկախ դրանց ծագման աղբյուրից, ինչպես նաև ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը՝ մեկնաբանելով նախօրեին Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռի միջադեպը։
16։15 – Իրանը հերքում է իր զինված ուժերի՝ Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունը։ Իրանի ԶՈՒ-ն նշել է, որ ըստ իրականացված հետաքննությունների, սադրանքը կազմակերպվել է Իսրայելի կողմից Իրանին մեղադրելու համար։
15։50 – Թեհրանը չի թիրախավորում հարևան երկրները, միջադեպը պետք է հետաքննվի։ Այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ արձագանքելով Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին: Ադրբեջանական AnewZ-ի հետ զրույցում Ղարիբաբադին ասել է, որ թիրախ կդառնան միայն այն երկրները, որտեղ տեղակայված են իրենց հակառակորդների ռազմական բազաները։
15։46 – Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Նիդերլանդներն առաջիկա օրերին ռազմածովային ուժեր կուղարկեն՝ Կիպրոսը պաշտպանելու համար։ Այս մասին խորհրդարանին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն։ Կղզում գտնվող բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի բազան երկուշաբթի թիրախավորվել էր իրանական արտադրության անօդաչու թռչող սարքի կողմից՝ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային պատերազմի շրջանակում։
15։32- Ֆրանսիան թույլատրել է Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմակայանները Իրանի դեմ գործողությունների շրջանակում, այսօր տեղեկացրել է ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությունը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հեռուստաալիքի տարածած տեղեկությունները առայժմ չի մեկնաբանում։
14։42 – Հայաստանի և Իրանի սահմանի Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում այս պահին 180-200 բեռնատար է սպասում սահմանը հատելու հնարավորությանը։ Բեռնափոխադրողները չեն ցանկանում ԻԻՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ նախընտրելով Չինաստանից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից ներկրվող բեռների փոխադրումն իրականացնել Վրաստանի տարածքով։ Ուստի, ենթադրելի ու բնական է, որ բեռնափոխադրումների ծավալը Իրանի տարածքով պետք է նվազի։ Վերջին օրերին նկատվում է բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում, որը շատ արտահայտիչ չէ։ [ՊԵԿ]
14։30 – Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտնել է, որ Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը մարտի 5-ի առավոտյան ժամանել է Օմանի Մասկատ քաղաքից՝ տեղափոխելով ավելի քան 250 մարդու։
13։45 – Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստում է արձագանքման անհրաժեշտ միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այդ հարձակումները անպատասխան չեն մնա։ Ադրբեջանի ՊՆ-ն խստորեն դատապարտում է Իրանի ԶՈՒ կողմից երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։ [Ադրբեջանի ՊՆ]
12։55 – Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք ընկել է Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և վիրավորվել երկու քաղաքացիական անձ: Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ» ,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ից միաժամանակ հայտնում են, որ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
12։25 – Իրանի տարածքից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում:
12։20 – Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Թուրքիայի ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Այս մասին հաղորդել են պետական լրատվամիջոցները։ «Իրանի զինված ուժերը հարգում են բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և կտրականապես հերքում են այդ երկրի տարածքի ուղղությամբ որևէ հրթիռի արձակումը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։
12։00 – Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը հինգ օր փակ մնալուց հետո վերաբացվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Աթենքից իսրայելցիներին տեղափոխող օդանավը մարտի 5-ի առավոտյան վայրէջք է կատարել օդանավակայանում։ Ակնկալվում է, որ իսրայելական ավիաընկերությունները կօգնեն տուն վերադառնալ մոտ 100000 իսրայելցիների, ովքեր մնացել են դրսում Իսրայելի օդային տարածքի փակ լինելու պատճառով։
11։55 – Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ իրականացնել Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում: Ադ մասին «Իզվեստիա» թերթին ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Նրա խոսքով՝ Թեհրանը ներկա իրավիճակում պատրաստ կլինի օգտվել Ռուսաստանի միջնորդական ծառայություններից։
11։50 – Իրանի արտաքին գործերի նախարարը Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»՝ անդրադառնալով ԱՄՆ սուզանավի կողմից Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավը՝ ֆրեգատը խորտակելու գործողությանը։ «ԱՄՆ-ն կոտորած է իրականացրել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ Հնդկաստանի նավատորմի հյուր Դենա ֆրեգատը, որը տեղափոխում էր մոտ 130 նավաստի, առանց նախազգուշացման խոցվել է միջազգային ջրերում։
10։45 – ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զգալի մասն աջակցում է Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններին, որոնց թիրախում իրանական կողմի միջուկային և հրթռիային կարողություններն են։ «ՆԱՏՕ-ն ներգրավված չէ։ Բայց ակնհայտ է, որ դաշնակիցները, ըստ էության, հիմնականում աջակցում են տարածաշրջանում [ԱՄՆ] նախագահի կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված վերացնելու Իրանի միջուկային և, իհարկե, հրթիռային կարողությունները»,- ասել է նա։
09:40 – Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի: Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է:
09:30 – Վերջին օրերին Լիբանանի տարածքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 72 մարդ, հայտնել են Լիբանանի իշխանությունները: Ավելի քան 80 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
09։10 – Ուկրաինան պատրաստվում է իր զինծառայողներին և ռազմական փորձագետներին ուղարկել Մերձավոր Արևելքի երկրներ՝ աջակցելու նրանց իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին դիմակայելու գործում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի երկրները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ․ իրանական հարվածային անօդաչուները՝ նույն «Շահեդ» տիպի սարքերը, որոնք արդեն չորս տարի օգտագործվում են Ուկրաինայի քաղաքների և ենթակառուցվածքների դեմ, այժմ կիրառվում են նաև տարածաշրջանում։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կարող է աջակցել իրավիճակի կայունացմանը, և գործընկեր երկրները դիմել են համապատասխան խնդրանքով։
04 մարտի, 2026 թվական
22։20 – Իրաքում ԱՄՆ դեսպանատունը խստորեն խորհուրդ է տվել բոլոր ամերիկացիներին լքել երկիրը կամ ապաստան գտնել:
19:40 – «Իրանը փորձել է խուսափել պատերազմից դիվանագիտական ճանապարհով, սակայն ամերիկա-սիոնիստակա ռազմական ագրեսիան նրան այլընտրանք չի թողել, քան պաշտպանվել»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին ուղղված իր ուղերձում:
20։15 – Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիստիկ հրթիռի միջադեպի վերաբերյալ բողոք և մտահոգություն հայտնելու համար։
19։20 – «Իրանի առաջնորդները կնայեն վերև և կտեսնեն միայն ԱՄՆ-ի և Իսրայելի օդուժը, մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը որոշեն, որ պատերազմն ավարտվել է»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
18։30 – ԱՄՆ բանակը հայտարարել է, որ սպանել է իրանցի պաշտոնյայի, որի ղեկավարած ստորաբաժանումը, ըստ մեղադրանքի, ներգրավված է եղել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սադրանքի ծրագրում։
Պաշտոնական Թեհրանը հերքել էր Միացյալ Նահանգների նախագահի մահափորձի նախապատրաստմանն իր ներգրավվածությունը:
18:00 – Իրանի տարբեր հատվածներ ռմբակոծվում են, Թեհրանը ևս հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին։
– Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ «Հեզբոլահը» ևս հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին։
– Իրանական Tasnim-ը հայտնում է, որ հարձակումների հետևանքով զոհերի թիվը Իրանում հասել է 1045-ի։
17։50 – Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն է կանգնած Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի վրա հարձակման ետևում։ «Ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավ, որը կարծում էր, թե անվտանգ է միջազգային ջրային տարածքներում», – The Guardian-ի տեղեկացմամբ ասել է Պենտագոնի ղեկավարը։
17։20 – ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը: Այս մասին թուրքական «Անադոլու»-ին ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը։ Նա ընդգծել է, որ Իրանի՝ տարածաշրջանում հարձակումների ֆոնին ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողքին։
17։10 – Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլուն»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Զրույցի ընթացքում Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ պետք է խուսափել հակամարտության տարածմանը հանգեցնող ցանկացած քայլից։
16:20 – Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը նշել է, որ հրթիռի բեկոր է ընկել Հաթայի շրջանում։ Զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ «Առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու համար: Հիշեցնում ենք, որ մենք իրավունք ենք վերապահում արձագանքել մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտության հետագա սրմանը», – նշված է հայտարարության մեջ։
15։55 – Իրաքի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆուադ Հուսեյնը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները՝ Իրանին հարվածների և էներգաշուկայի համար հետևանքների ֆոնին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանում ռազմական իրադրությունը, որը սրընթաց վատթարանում է, դրա քաղաքական և տնտեսական հետևանքները, այդ թվում՝ դրա ազդեցությունը էներգետիկ շուկայի վրա։
15։40 – Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ի հետ լայնածավալ հակամարտության ֆոնին Իսրայելի զինված ուժերը Լիբանանի հարավային հատվածից տարհանման հրահանգ են տվել՝ բնակիչներին հորդորելով տեղափոխվել Լիտանի գետի հյուսիս։ Լիբանանյան աղբյուրների համաձայն՝ հազարավոր լիբանանցիներ արդեն լքել են իրենց տները։
15։20 – Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հերքել է, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավի հարձակումից հետո։ Տեղեկությունը հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության նախարարությունում աղբյուրների։ Reuters-ը նշում է՝ պարզ չէ, թե ով է հարձակվել նավի վրա։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հայտարարել է, որ 32 մարդ փրկվել է ու հիվանդանոցում է։
13։25 – Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը կարող է վերածվել անկանխատեսելի իրադարձությունների, իր մտահոգություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Ծոցի պետությունները կարող են ներքաշվել այս պատերազմի մեջ և դառնալ այդ վայրագության մասնակիցը: Վախենամ, որ հենց այդպես էլ կլինի։ Ուստի համաշխարհային հանրությունը, և առաջին հերթին խոշոր պետությունները, իսկ առավել ևս՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն, պետք է գիտակցեն, որ այս հակամարտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների»,- նախագահի խոսքերն է մեջբերում Բելտա գործակալությունը:
13։16 – Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անիրատեսական սպասումները» հանգեցրին Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների խափանման։ Այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք, և մեծ ստերը մթագնում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող իրականանալ», – գրել է դիվանագետը։ Նա հավելել է, որ այդ ամենի արդյունքում «զայրույթից ռմբակոծվեց բանակցությունների սեղանը»։
12։40 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրն այն բանից հետո, երբ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաներն Իրանի դեմ գործողություններում։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Իսպանիան «սարսափելի» է եղել, և որ ինքը «պատրաստվում է դադարեցնել ողջ առևտուրը»։ «Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Ես կարող եմ վաղը կամ նույնիսկ այսօր դադարեցնել Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, Իսպանիայի հետ կապված բոլոր գործերը», – նշել է Թրամփը։
12:15 – Իրանը հայտարարում է՝ 230 ԱԹՍ է արձակել Մերձավոր Արևելքում գտնվող մի շարք օբյեկտների վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, այդ թվում՝ Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող բազայի, Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի և Արիֆջան ճամբարի վրա։
– Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարում է հարձակումների նոր ալիք է սկսել, որոնց թիրախը Թեհրանում կառավարական ենթակառուցվածքներն են։
– Իսրայելը նաև պահեստազորային դիվիզիա է ուղարկում Լիբանանի հետ սահմանի արևմտյան հատված, որտեղից նախորդ տարվա մայիսին հետ էր քաշել իր ուժերը։
12։00 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակը տանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։ ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունների օրակարգում գերիշխող թեման Իրանի դեմ պատերազմն է եղել։ Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններ սկսելու որոշում է կայացրել՝ հիմնվելով Իրանի հետ «բանակցությունների ընթացքի» վրա, և որ ինքը «զգացողություն ուներ», որ Իրանը պատրաստվում է սկսել իր սեփական հարձակումը։ Թրամփի խոսքով՝ պատերազմի առաջին մի քանի օրվա ընթացքում ոչնչացվել է Իրանի ռազմական կարողությունների մեծ մասը։ «Գրեթե ամեն ինչ ոչնչացվել է», – նշել է նա։
11։45 – Իրանցիները չորեքշաբթի ժամը 22:00-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի աղոթքի դամբարանում կանցկացնեն սպանված գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը։ Արարողությունը կտևի երեք օր, հուղարկավորության թափորի կազմը կհայտարարվի վերջնականապես հաստատվելուց հետո, նշվում է հաղորդագրության մեջ։
11։30 – Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի իշխանությունների կողմից Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու համար նշանակվող ցանկացած առաջնորդ «անվիճելի թիրախ» կդառնա։ Նրա խոսքով՝ ով էլ շարունակի Իրանի քաղաքականությունը, որը, ըստ Կացի, ուղղված է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ, կհամարվի թիրախ։
11։00 – ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) հայտնում է, որ փետրվարի 28-ից ի վեր Իրանում սպանվել է 1097 խաղաղ բնակիչ։ Գործակալության տվյալներով՝ նրանցից 181-ը 10 տարեկանից փոքր երեխաներ էին։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, այդ թվում՝ 100 երեխա։ Կազմակերպությունը նշում է, որ միայն վերջին 24 ժամում Իրանի վրա տեղի է ունեցել առնվազն 104 հարձակում։ Դրանք հարվածել են ռազմաբազաներին, բժշկական կենտրոններին և բնակելի թաղամասերին:
10։40 – Իսրայելական բանակը հարկադիր տեղահանման նոր հրահանգ է տվել Բեյրութի հարավային արվարձանների Հարեթ Հրեյք թաղամասի բնակիչների համար։ Բանակը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաքի քարտեզը՝ կարմիր գույնով նշված շենքերով, և զգուշացրել է, որ մարդիկ պետք է փախչեն այդ վայրից՝ պնդելով, որ դա «կապված է «Հեզբոլա»-ի հետ»։
10։05 – Իրանի քրդական զինված խմբերը վերջին օրերին քննարկումներ են անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ Իրանի արևմտյան հատվածում անվտանգության ուժերի դեմ հնարավոր հարձակումներ իրականացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։ Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող այդ խմբերը պատրաստվում են հնարավոր գործողության։Աղբյուրների խոսքով՝ գործողության նպատակն է թուլացնել Իրանի իշխանություններին և հնարավորություն ստեղծել երկրի ընդդիմադիր ուժերի համար։
09։50 – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել է Պարսից ծոցի երկրները թիրախավորելու Իրանի գործողությունները։ Այդ մասին նա ասել է մարտի 3-ի ուշ երեկոյան TRT Haber-ի հետ հարցազրույցում։ «Ծոցի երկրների մեծ մասը շատ մեծ աշխատանք է կատարել պատերազմը կանխելու համար։ Իրանի կողմից նրանց ռմբակոծումը աներևակայելի սխալ ռազմավարություն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
09։22 – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը վերատեղակայել Միջերկրական ծովում։ BFMTV-ն մարտի 1-ին հաղորդել էր, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը Բալթիկ ծովից ուղարկվել են Միջերկրական ծովի արևելյան մաս։
09։15 – Իրանի դեմ իսրայելաամերիկյան հարձակումները շարունակվել են նաև այս գիշեր, թիրախում եղել է նաև Թեհրանը։ ԱՄՆ ԶՈՒ-ն հաղորդում է, որ գործողության մեկնարկից ի վեր 2000 թիրախի է հարվածել ամբողջ երկրում և ոչնչացրել է 17 նավ, այդ թվում՝ 1 սուզանավ։
– Իսրայելը ավելի է ուժեղացրել հարվածները Լիբանանին։ Ըստ տեղի աղբյուրների՝ բնակելի շենքի և հյուրանոցի են հարվածել, ինչի հետևանքով կա 10 զոհ։
– Իրանը ևս շարունակել է հակահարվածները․ Քուվեյթը հայտարարել է բեկորներից 1 երեխայի մահվան մասին, իսկ Սաուդյան Արաբիան հայտնել է, որ խոցել է 2 հրթիռ և 1 ԱԹՍ։
– Իրաքում սահմանային Ալ Քաիմ քաղաքի արևմուտքում գտնվող պրոիրանական «Մոբիլիզացիոն ուժեր»-ի գլխամասն է հարվածների ենթարկվել, ինչպես նաև Բաղդադի օդանավակայանին մոտ գտնվող ամերիկյան օբյեկտը։
03 մարտի, 2026 թվական
22։05 – Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխաների հուղարկավորությանը։
Իրանի հարավային Հորմոզգան Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակման առաջին օրը։
19։40 – Օդային հարվածներով թիրախավորվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հարակից տարածքը, այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվականը։
18։50 – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Х սոցիալական ցանցում հայտարարել է․
«Իրավիճակը բացառիկ է, բայց երկիրը կանգ չի առել։ Ամբողջ երկրում շարունակվում են ընթացիկ միջոցառումները։ Անհրաժեշտ լիազորությունները նահանգներին վերապահելով՝ որոշումների ընդունումն իրականացվում է արագ և տեղական պայմաններին համապատասխան։ Ազգային միասնությունը մեր ամենամեծ ակտիվն է»,- գրել է Իրանի նախագահը։
17։45 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել, սակայն դրա համար արդեն չափազանց ուշ է։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ «Նրանց (խմբ.՝ նկատի ունի Իրանի) հակաօդային պաշտպանությունը, օդուժը, ռազմածովային ուժերը և ղեկավարությունը չկան։ Նրանք ցանկանում են բանակցել։ Ես ասացի՝ չափազանց ուշ է», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։
17։35 – Իրանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է իրականացնել իր գործառույթներն ամբողջ երկրում՝ չնայած է՛լ ավելի սրվող պատերազմին: Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ՝ իշխանությունները սերտ կապի մեջ են մարզային ղեկավարության հետ և նրանց հետ համակարգում են իրենց գործողություննեը:
17։02 – Մեծ Բրիտանիան պլանավորում է նավ ուղարկել Կիպրոս՝ ռազմաօդային ուժերի «Ակրոտիրի» բազան Իրանի գրոհներից պաշտպանելու համար: Այդ մասին գրում է The Times-ը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրի։ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին բարձրաստիճան զինվորականների հետ քննարկել է HMS Duncan էսկադրային ականակիրը տարածաշրջան ուղարկելու հարցը։ Ըստ թերթի տվյալների՝ Մեծ Բրիտանիան ներկայում հնարավորություն չունի Կիպրոսը պաշտպանել բալիստիկ հրթիռների հարվածներից, և մտավախություն կա, որ կղզին կարող է խոցելի լինել Իրանի կողմից հետագա գրոհների համար։
16։00 – «Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել միջուկային զենքի ստեղծմանն ուղղված ջանքերը, և ոչ միայն Իրանում», – այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այդպիսի խթաններ անմիջապես ի հայտ կգան Իրանին սահմանակից արաբական երկրներում։ Այդ իսկ պատճառով միջուկային զենքի տարածումը կանխելու մղումով մեկնարկած պատերազմը կարող է տրամագծորեն հակառակ միտումները խթանել», – հայտարարել է Լավրովը։
15։50 – Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկրի ռազմաօդային ուժերը «զգալի ուժով» հարվածել են Թեհրանում գտնվող կառավարական թիրախներին։ Նա նշել է, որ Իսրայելը շարունակում է սահմանափակել նաև Իրանում հրթիռների արձակման հնարավորությունները։ Կացի խոսքով՝ Իրանի դեմ գործողությունը «կշարունակվի ամբողջ ուժով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Telegram-ում տարածված հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ «հսկայական զինամթերք» է նետվել Իրանի նախագահական գրասենյակի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի շենքի վրա։
14։33 – Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարում է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով վնասվել է իրանական Նաթանզ քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային օբյեկտը։ «Այս պահին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա գործակալությունը կարող է հաստատել, որ վնասվել է Նաթանզում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքը։ Բուն գործարանը հարվածների հետևանքով չի տուժել, ուստի ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չեն ակնկալվում», – պնդում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները։
13։30 – Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի՝ ըստ իրանական Կարմիր մահիկի ընկերության:
– Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում միացել են օդային տագնապի ազդանշաններ՝ հաղորդում է Al Jazeera-ն:
– Լիբանանի բանակը հետ է քաշվում Իսրայելի հետ սահմանի 7 դիրքից՝ հայտնում է Reuters-ը: Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զորքերը հրաման են ստացել Լիբանանում նոր դիրքեր գրավելու:
– ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ վերահսկում են խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով Ֆուջեյրա նավթարդյունաբերական գոտում բռնկված հրդեհը:
12։30 – Նավթի գները ուրբաթ օրվա համեմատությամբ մարտի 2-ին բարձրացել են մեկ բարելի դիմաց 6.9 դոլարով՝ հասնելով 79.40 դոլարի: Նավերի երթևեկությունը նվազել է առնվազն 80 տոկոսով, իսկ ոլորտի մասնագետները նշում են, որ բեռնափոխադրումների ծախսերը Մերձավոր Արևելքից և Ծոցից դուրս եկող երթուղիների համար կտրուկ աճել են։ Չնայած սահմանափակ, բայց երթևեկությունը շարունակվում է հիմնականում Իրանի և Չինաստանի դրոշի տակ հանդես եկող նավերի համար, խոշոր նավթային ընկերությունների և ապահովագրողների մեծ մասը փաստացի դուրս է եկել միջանցքից։
12։00 – ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ «փետրվարի վերջին Իրանի հետ կայացած բանակցությունների երրորդ փուլի ավարտին վերջնականապես պարզ դարձավ, որ համաձայնության հասնելն անհնար է»։ «Լիովին պարզ էր, որ դա անիրագործելի է լինելու, հավանաբար, արդեն երկրորդ հանդիպման ավարտին, սակայն հետո մենք վերադարձանք երրորդ հանդիպմանը՝ վերջին փորձը կատարելու համար», – հայտարարել է նա Fox News-ի եթերում։
11։40 – ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմը տարածվել է Հորմուզի նեղուցի վրա, որն աշխարհի ամենակարևոր էներգետիկ հանգույցներից է, ինչը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։ AlJazeera-ի հոդվածում ասվում է, որ նեղուցով բեռնափոխադրումները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային սպառվող նավթի մեկ հինգերորդը և գազի հսկայական քանակություն, գրեթե դադարեցվել են տարածաշրջանում նավթատար տանկերների վրա իրանական հարձակումների պատճառով։
11։10 – Իրանի ուղղությամբ ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են՝ հայտարարում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Ես չեմ պատրաստվում բացահայտել մեր մարտավարական գործողությունների մանրամասները, բայց ամերիկյան զինվորականների կողմից ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են։ Հաջորդ փուլն Իրանի համար ավելի դաժան կլինի, քան հիմա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբիոն։
10։40 – Fly One Armenia ավիաընկերության ինքնաթիռը Մասկատից Երևան է վերադարձել։ Տեղեկությունը հաստատել են Քաղավիացիայի կոմիտեից։ Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ավիաընկերության ինքնաթիռը Երևանից մեկնել է Մասկատ՝ ՀՀ քաղաքացիներին ԱՄԷ-ից տարհանելու համար։ Ընկերությունը նշել էր, որ 2026 թվականի մարտի 3-ին կիրականացվի Մասկատ-Երևան հատուկ չվերթը։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։
10։20 – ԱՄՆ պետքարտուղարությունը հրատապ հայտարարությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է արել ԱՆՀԱՊԱՂ ՀԵՌԱՆԱԼ Մերձավոր Արևելքի նշված երկրներից՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։
10։02 – Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարին սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով:
09։30 – Գիշերը ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանությունը: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը: Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունը երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել մնալու ապաստարաններում: Արդեն վաղ, ըստ Reuters-ի աղբյուրների, առավոտյան երկու ԱԹՍ ընկել Էր Ռիադի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ օտարերկրյա առաքելություններն են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Միացյալ Նահանգները կպատասխանի և՛ այս հարձակմանը, և՛ ԱՄՆ զինվորականների սպանությանը:
02 մարտի, 2026 թվական
23։00 – Լիբանանին Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով սպանվել է առնվազն 52 մարդ, վիրավորվել՝ 154-ը, հայտնել է Լիբանանի կառավարությունը։
22:50 – ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ Թեհրանի կենտրոնում՝ Արգ հրապարակում, վնասվել է մայրաքաղաքի միակ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանը։
22:20 – Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազան հարված է ստացել՝ այդ լուրերն անվանելով «ապատեղեկատվության հստակ ակտ»:
22։00 – Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ժամանակ հարձակման է ենթարկվել իրանական ինը հիվանդանոց, որոնցից հինգը՝ Թեհրանում, չորսը՝ այլ քաղաքներում:
21։30 – Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակ է հղել մ:իջազգային կազմակերպություններին՝ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և աշխարհի արտաքին գործերի նախարարներին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի դեմ կատարված հարձակումների վերաբերյալ։
21։00 – «ԱՄՆ-ի համար Իրանի դեմ գործողության մեկնարկից հետո ամենաանսպասելին տարածաշրջանի թիրախների՝ Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա Իրանի հարվածներն էին»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ Թրամփի՝ իրանցիները հարվածել են հյուրանոցի, բնակելի շենքի, և դա զայրացրել է տարածաշրջանի երկրներին։
«Առաջիկայում Իրանի դեմ հարվածների մեծ ալիք է նախատեսվում, ես կարող եմ ցամաքային զորքեր ուղարկել Իրան։ Մենք կարող ենք լայնածավալ պատերազմ սկսել նրանց հետ, ես դա չեմ բացառում»,- ասել է Թրամփը։
19։55 – Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Նաթանզի միջուկային օբյեկտին։ «Երեկ նրանք կրկին հարձակվել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Նրանց պատճառաբանությունը, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք մշակել, պարզապես մեծ սուտ է»,- Associated Press-ը մեջբերել է նրա խոսքերը։ Երբ լրագրողները խնդրել են պարզաբանել, թե որ օբյեկտն է հարձակման ենթարկվել, Նաջաֆին ասել է, որ խոսքը Նաթանզի մասին է:
19:34 –ՀՀ ԱԳՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։ Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
19։20 – Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։ Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով։ ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն: [ՀՀ ԱԳՆ]
18։50 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները երկու անգամ փորձել են կազմակերպել իր սպանությունը, սակայն իրեն հաջողվել է առաջինը սպանել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ «Ես նրան հասան, նախքան նրա հասնելն ինձ։ Նրանք փորձել են երկու անգամ, բայց ես առաջինը եղա»,- ասել է Թրամփը ABC News-ի լրագրողի հետ զրույցում։
18:40 – ՆԱՏՕ-ի ուժերը չեն ներգրավվի Իրանի դեմ գործողություններում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ի պատասխան BBC-ի հարցի՝ ՆԱՏՕ-ի ուժերը կներգրավվե՞ն Իրանի դեմ գործողություններում։ «Ոչ, սա ակնհայտորեն ամերիկացիների և իսրայելցիների ղեկավարած գործողություն է»,- ասել է նա։
18:37 – ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ Իրանում գործողության նպատակն է ոչնչացնել իրանական հրթիռների, հրթիռների արտադրության օբյեկտների, ռազմածովային ակտիվների և անվտանգային այլ ենթակառուցվածքներ։ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ զորքեր չկան, բայց չի բացառել ապագայում դրանց առկայության հնարավորությունը՝ նշելով, որ չի բացահայտի, թե ինչ կարող է անել կամ չանել ԱՄՆ-ն․ «Նախագահ Թրամփը երաշխավորում է՝ մեր թշնամիները հասկանում են, որ մենք կգնանք այնքան հեռու, որքան անհրաժեշտ է՝ ամերիկյան շահերը առաջ մղելու համար», – լրագրողներին ասել է Հեգսեթը մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը հայտարարել էր, որ գործողությունը «մեկ գիշերվա առաքելություն չէ»։ Ամերիկացի 4 զինծառայողների զոհվելու մասին լուրին անդրադառնալով՝ նա նշել է․ «Ակնկալում ենք, որ լրացուցիչ կորուստներ կունենանք, և, ինչպես միշտ, կաշխատենք դրանք հասցնել նվազագույնի»։
18։20 – Իրանի հրթիռները հարվածել են Կատարի էներգետիկ օբյեկտներին, երկուշաբթի հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն։ «Մի հրթիռը հարվածել է Mesaieed էլեկտրակայանի ջրի պահեստին, մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտին, որը QatarEnergy-ի մաս է կազմում»,- հեռուստաալիքը մեջբերել է Կատարի ՊՆ-ի հայտարարությունը: Պաշտպանության նախարարության տվյալով՝ ընդհանուր առմամբ երկու հրթիռային հարձակում է եղել, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
18։10 – Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ընդգծելով, որ Իրանը չի սկսել պատերազմը, և որ Իրանի զինված ուժերը որևէ հարձակում չեն իրականացրել՝ բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերի, ասել է, որ Իրանը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, պատրաստ է երկարատև պատերազմի։ «Ինչպես վերջին 300 տարիների ընթացքում, Իրանը չի եղել պատերազմի նախաձեռնողը, և մեր քաջարի զինված ուժերը որևէ գործողություն չեն իրականացրել, բացառությամբ պաշտպանության դեպքերի։ Անկախ արժեքից, մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ և մեր 6000-ամյա քաղաքակրթությունը։ Մենք մեր թշնամիներին կստիպենք զղջալ իրենց սխալ հաշվարկի համար։ Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների»,- X-ում գրել է Ալի Լարիջանին։
17։25 – Նեթանյահուի գրասենյակը հերքել է ԻՀՊԿ-ի պնդումը, թե Իսրայելի վարչապետի «ճակատագիրը անհայտ է» Երուսաղեմին հասցված հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Երուսաղեմում հրթիռային հարվածների մասին որևէ հաղորդում չի եղել, բացի մի քանի ժամ առաջ եղած հարձակումից, որի ընթացքում միացել են տագնապի ազդանշանները․ «Համաձայն եղած բոլոր տեղեկությունների՝ Նեթանյահուի գրասենյակն անվնաս է», – նշել են գրասենյակից:
16։45 – Իսրայելական բանակը հայտարարել է, որ գիշերը Բեյրութին հասցված իսրայելական հարվածից սպանվել է «Հեզբոլլահ»-ի հետախուզական շտաբի պետ Հուսեյն Մաքլեդը։
16:35 – Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը: «Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», – այսօրվա ասուլիսում հայտնեց Խալիլ Շիրղոլամին:
Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան: «Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան», – նշեց դեսպանը՝ հավելելով, որ երեկ մոտ 20 հոգի է ցամաքային ճանապարհով ուղևորվել Իրան, ևս 15 հոգի էլ կհասնեն Երևան, հետո՝ Իրան:
16։19 – ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին։ Ըստ նրա՝ հարված է հասցվել Նաթանզի միջուկային օբյեկտին։ Նաջաֆի պնդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 1-ին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են «իրանյան խաղաղ, պաշտպանված միջուկային օբյեկտներին», գրում է The Insider-ը։ Այս տեղեկատվության այլ հաստատում, սակայն, չկա։ Հակամարտության մյուս կողմերը չեն մեկնաբանել այս հայտարարությունը։
16։10 – Կրեմլը հաղորդում է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ՝ Թեհրանի դեմ իրականացվող, իր ձևակերպմամբ, «բացահայտ ագրեսիայով» պայմանավորված, և խորապես հիասթափված է իրադարձությունների այսպիսի զարգացմամբ։ Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինն այսօր ավելի ուշ նախատեսում է Իրանի հետ կապված միջազգային հեռախոսազրույց, սակայն չի բացահայտել, թե ում հետ։
16։05 – Հորդանանի քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը փակ կլինի բոլոր մուտքային, ելքային և տարանցիկ չվերթերի համար ամեն օր՝ սկսած մարտի 2-ից, ժամը 18:00-ից (15:00 GMT) մինչև 9:00-ն (06:00 GMT) մինչև հետագա ծանուցում։ Հանձնաժողովի գլխավոր հանձնակատար, կապիտան Դայֆալլահ ալ-Ֆարաջաթը նշել է, որ որոշման նպատակն է պաշտպանել քաղաքացիական ավիացիայի գործողությունները և ապահովել Հորդանանի օդային տարածքում անվտանգության և պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը՝ տարածաշրջանում առկա պայմաններում։
15։53 – Լիբանանի վարչապետը հայտարարել է՝ արգելում են «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը և սահմանափակում դրա դերը քաղաքական ոլորտով։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը որակելով «անօրինական»։
14։50 – Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի: [ՀՀ ԱԳՆ]
14։30 – Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ: «Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։[…] Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար», – ասված է ուղերձում:
14։25 – Ըստ ԻՀՊԿ-ի՝ այսօր առավոտյան Իրանի կողմից հարձակման է ենթարկվել այն վայրը, որտեղ գտնվել են Իսրայել վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուի ճակատագիրը դեռևս անհայտ է։
14։10 – Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանում «միակողմանի» հարձակումները պետք է նախապես քննարկվեին հենց այդ նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը։
13։40 – Լիբանանի ուղղությամբ ցամաքային հարձակման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Իսրայելի ԶՈՒ խոսնակը ասել է. «Քննարկվում են բոլոր տարբերակները»: Նա նշել է, թե Իսրայելը մոբիլիզացրել է մոտ 100,000 պահեստազորայինների, տասնյակ գումարտակներ, բրիգադներ, դիվիզիաներ, որոնք պատրաստ են «հնարավոր բոլոր իրադարձություններին՝ թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման»։
13:25 – Քննարկվում են բոլոր տարբերակները. Իսրայելի ԶՈՒ խոսնակը՝ ի պատասխան Լիբանանի ուղղությամբ ցամաքային հարձակման վերաբերյալ հարցի, փոխանցում է Guardian-ը: Նա նշել է, թե «Հեզբոլլահը» շատ վատ սխալ է գործել»՝ գիշերը Իսրայելի վրա հարձակվելով: «Իսրայելի ԶՈՒ-ն շատ արագ կարձագանքի, և նրանք մեծ գին կվճարեն: «Հեզբոլլահն» է գիշերը կրակ բացել մեզ վրա: Նրանք հստակ գիտեին, թե ինչ են անում»,- ասել է խոսնակը:
13։00 – Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ «Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Հիմնականում զանգահարել են ԱՄԷ-ում գտնվող մեր հայրենակիցները։ Դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթերի հարցերին»,- պարզաբանել է Ղուլյանը։
12:40 – Իրանում առնվազն 555 զոհ կա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Իրանում Կարմիր մահիկի ընկերությունը:
12։35 – «Զվարթնոց» օդանավակայանում այսօրվա դրությամբ կրկին չեղարկվել են Մերձավոր Արևելք մեկնող և այնտեղից ժամանող թռիչքները: Օդանավակայանի չվացուցակից երևում է, որ չեղարկվել են Երևան-Դուբայ, Երևան-Շարժա, Երևան-Աբու Դաբի, ինչպես նաև Երևան-Թեհրան չվերթերը: Չեղարկվել են Դուբայ-Երևան, Շարժա-Երևան, Աբու Դաբի-Երևան, Թեհրան-Երևան և Թել-Ավիվ-Երևան չվերթերը:
12:20 – Անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիպրոսում բրիտանական ռազմական բազայի թռիչքուղուն։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն չի առաջարկել օգտագործել այս բազան Իրանին հարվածելու համար:
12։10 – Քուվեյթի ՊՆ խոսնակը հայտնում է, որ երկրում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վթարվել: Նա հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, որ ինքնաթիռների անձնակազմը ողջ է: Ըստ հաղորդագրության՝ այս պահին հետաքննական գործողություններ են իրականացվում միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ:
11:40 – Անվտանգության աղբյուրը «Ալ Ջազիրա»-ին հայտնել է, որ իսրայելաամերիկյան հրթիռները թիրախավորել են «Քաթաիբ Հեզբոլլահ» կիսառազմական խմբավորմանը պատկանող տարածքները Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հարավ գտնվող Ջուրֆ ալ-Սախրում։
11։30 – Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա քաղաքի նավթավերամշակման գործարանը երկուշաբթի առավոտյան փակվել է անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Փակումը եղել է նախազգուշական միջոցառում: Իշխանությունները նշում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է:
11։20 – Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել զերծ մնալ Մերձավոր Արևելքում քաղաքացիական անձանց և առողջապահական հաստատություններին հասցվող հարվածներից։ ԱՀԿ ներկայացուցիչ Հանան Բալխին X-ում արած գրառման մեջ նշել է․«Քաղաքացիական անձանց և առողջապահության պաշտպանությունը պետք է լինի բացարձակ։ Բոլոր կողմերը պետք է… ապահովեն բժշկական հաստատությունների պաշտպանությունը»։
11։10 – Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս մարդկանց խուսափել դեսպանատուն այցելելուց և պատսպարվել տանը: Այն նաև կոչ է անում Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «պատսպարվել տեղում, վերանայել հարձակման դեպքում անվտանգության ծրագրերը և զգոն մնալ ապագայում նոր հարձակումների դեպքում»: Ավելի վաղ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան տարածքից ծուխ էր նկատվել:
11։05 – Բեյրութը՝ այսօր՝ իսրայելական հարվածներից հետո։ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի ուղղությամբ լայնածավալ գործողությունների մասին։

11։00 – Թուրքիա-Իրան 3 սահմանային անցակետերում ամենօրյա ուղևորափոխադրումները դադարեցվել են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը՝ միաժամանակ ընդգծելով, որ անցակետերում որևէ արտակարգ իրավիճակ չկա, և որ առևտրային բեռնափոխադրումները վերահսկվող պայմաններում շարունակվում են։ Նախարարը հավելել է՝ Թուրքիան թույլ կտա, որ Իրանի քաղաքացիները Թուրքիայից մուտք գործեն Իրան, ինչպես նաև որ Իրանում գտնվող իր քաղաքացիները և երրորդ երկրների քաղաքացիները մուտք գործեն Թուրքիա։ |aa.com.tr|
10։50 – Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր 777 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ։ Նրանցից 86-ը ներկայում հոսպիտալացված են կամ շտապօգնության բաժանմունքում են։ Նախարարության տվյալներով՝ չորսը գտնվում են ծանր վիճակում, քսանը՝ միջին ծանրության, իսկ 58-ը՝ լավ վիճակում։ Եվս չորսը բժշկական զննում են անցնում։
10։25 – Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Թեհրանում իր դեսպանության փակման, Իրանի Իսլամական Հանրապետությունից իր դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին։
10։18 – Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության՝ Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է 20, վիրավորվել՝ 91 մարդ, երկրի հարավային շրջաններում զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 58:
10։15 – Ծոցի երկրիների տարբեր քաղաքներում՝ Դուբայում, Աբու Դաբիում և Դոհայում, պայթյունների ձայներ են լսվել այսօր առավոտյան: Բահրեյնում լսվել են օդային տագնապի ազդանշաններ:
– Իսրայելի բանակը Լիբանանի հարավում գտնվող 52 բնակավայրեր տարհանելու կոչ է արել:
– Առավոտյան Քուվեյթի երկնքում ևս ուժեղ պայթյուններ են որոտացել: Ըստ պետական լրատվամիջոցների՝ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել է «ծովային ճանապարհներով» երկրին մոտեցող «թշնամական անօդաչու թռչող սարքեր»:
– Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արձագանքել է Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմական բազայի վրա ենթադրյալ անօդաչու թռչող սարքի հարվածին։
10։00 – Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրների վրա։
09։53 – Իսրայելը հարվածների շարք է սկսել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա այն բանից հետո, ինչ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։ «Հեզբոլլահ»-ից հայտնել են, որ հարձակումներն արվել են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության ու «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։ Լիբանանի կառավարության ներկայացուցիչները հորդորել են «Հեզբոլլահ»-ին չներքաշվել պատերազմի մեջ։
09։45 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» և հայտարարել, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
09։38 – Մեծ Բրիտանիան թույլ կտա ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և սահմանափակ պաշտպանական թիրախ», հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Նա նշել է, որ Ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար: «Սպառնալիքը կանգնեցնելու միակ միջոցը հրթիռները տեղում ոչնչացնելն է»,- ասել է Սթարմերը:
09։26 – Մենք ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ հերքելով Wall Street Journal-ի հաղորդագրությունը, թե ինքը Օմանի միջոցով դիմել է ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու խնդրանքով:
01 մարտի, 2026 թվական
21։49 – «Ինֆոքոմի» ընթերցողներից մեկը տեղեկացրել է, որ այսօր Երեւանում Իրանի դեսպանատան մոտ իրանցիները փորձել են հավաք իրականացրել, սակայն ՀՀ ոստիկանության ծառայողները կանխել են՝ այդ թվում բերման ենթարկելով մի շարք անձանց։ «Ինֆոքոմին» դեռեւս չի հաջողվել իրավապահներից ճշտել բերման ենթարկվածների թիվը եւ նրանց վարչական ձերբակալման պատճառը։ Այս մասին այսօր նաև հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն՝ դատապարտելով Իրանի քաղաքացիների՝ միջազգային կոնվենցիաներով երաշխավորված հավաքների և միավորման ազատության իրավունքի սահմանափակման ցանկացած դրսևորում, այդ թվում՝ ձերբակալությունները և հեռախոսազանգերով ոստիկանություն ու ազգային անվտանգության ծառայություն ներկայանալու հորդորները։
21:17 – ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը «սուտ» է որակել տեղեկությունը, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը խոցվել է իրանական հրթիռներով:
20:13 – Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում գտնվող «Կիրիա» ռազմական շտաբի տանիքից հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ առաջիկա օրերին Իսրայելը կուժեղացնի հարվածներն ընդդեմ Իրանի:
19։40 – Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ դպրոցը թիրախավորվել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության հենց սկզբում՝ փետրվարի 28-ին։ Այդ ժամանակից ի վեր զոհերի թիվը շարունակում է աճել։
19։30 – Epic Fury ռազմական գործողության ընթացքում զոհվել են ԱՄՆ զինված ուժերի երեք զինծառայող, հինգը ստացել են ծանր վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Նշվում է, որ մի քանի այլ զինծառայողներ ստացել են բեկորային եւ այլ թեթև վնասվածքներ։ «Խոշոր մարտական գործողությունները շարունակվում են, և մեր պատասխան գործողությունները ընթացքի մեջ են»,- ասված է հայտարարության մեջ։
19։25 – ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Օմանի ծոցում՝ Չահ Բահար նավահանգստի նավամատույցի մոտ, Epic Fury գործողության շրջանակում խորտակել է իրանական «Ջամարան» դասի կորվետ ռազմանավ։ «Ինչպես նախագահը [Դոնալդ Թրամփը] նշել էր, Իրանի զինված ուժերի, ԻՀՊԿ-ի և ոստիկանության անդամները պետք է վայր դնեն իրենց զենքերը։ Լքեք նավը»,- ասված է Կենտրոնական հրամանատարության գրառման մեջ։
19։00 – Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավը ենթարկվել է «անհայտ արկի» հարձակման, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO)։ Նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Մինա Սաքր նավահանգստից հյուսիս-արևմուտք գտնվող նավը հարվածից հետո բռնկվել է։
«Հրդեհը մարվել է, և նավը մտադիր է շարունակել իր ուղևորությունը»,- ասված է UKMTO-ի հայտարարությունում։ Հաղորդվում է, որ սա արդեն երրորդ հարձակումն է նավագնացության դեմ, որի մասին գործակալությունը հայտնել է այսօր՝ Օմանի մայրաքաղաք Մասկատից հյուսիս, ինչպես նաև Օմանի Կումզար բնակավայրի մերձակայքում՝ Հորմուզի նեղուցում ավելի վաղ գրանցված միջադեպերից հետո։
18։45 – Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 9 զոհ և ավելի քան 20 վիրավոր, հաղորդել է Իսրայելի շտապ օգնության ծառայությունը։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, Բեյթ Շեմեշը, որը գտնվում է Երուսաղեմի մոտ, իրանական կողմից հրթիռակոծվել է բալիստիկ հրթիռներով։ Իսրայելի 9-րդ ալիքը գրում է, որ ուղիղ հրթիռակոծության հետևանքով հրթիռներն ընկել են բնակելի շենքի վրա։ Ynet-ը գրում է, որ հարվածի տակ է հայտնվել սինագոգի մոտ գտնվող ապաստարանը։
18։45 – Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին ասել է, որ երկիրը «սկսել է սահմանադրական գործընթաց, և այսօր ստեղծվել է Անցումային խորհուրդ, որը կաշխատի գործերի կառավարման ուղղությամբ»։ Խորհուրդը կազմված է նախագահից, դատական համակարգի ղեկավարից և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբաններից մեկից։ Այս երեք հոգանոց խումբը կղեկավարի երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Իսկ հետո տեղի կունենա Փորձագետների ժողովի կողմից նոր առաջնորդի ընտրությունը, որը, թերևս, կարճ ժամանակ կպահանջի, գուցե մեկ կամ երկու օրից նրանք երկրի նոր առաջնորդ կընտրեն, ասել է նա։
Արտգործնախարարն ընդգծել է՝ Իրանը որևէ սահմանափակում չունի ինքն իրեն պաշտպանելու հարցում:
18։35 – Անվտանգության իրավիճակը և Իսրայելի Թիկունքի հրամանատարության ցուցումները հաշվի առնելով՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 2026 թվականի մարտի 2-ին։ Սա վերաբերում է նաև Երուսաղեմի և Թել Ավիվի հյուպատոսական բաժիններին։ Անձնագրային ծառայություններ և արտերկրում ծննդյան հյուպատոսական գրանցումներ չեն իրականացվի։ Այս մասին հաղորդում է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը։
«Այս պահին ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն չունի տարհանելու կամ անմիջական աջակցություն ցուցաբերելու Իսրայելից հեռանալ ցանկացող ամերիկացիներին։
Բեն Գուրիոն օդանավակայանը շարունակում է փակ մնալ, և այնտեղից առևտրային կամ չարտերային թռիչքներ չեն իրականացվում։
18։15 – Իսրայելը Սիրիայի տարածքի վրա խոցել է իրանական հրթիռ, AFP գործակալությանը հայտնել է Ներքին գործերի նախարարության անանուն աղբյուրը՝ նշելով, որ տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որը լսվել է մայրաքաղաք Դամասկոսում։
Դամասկոսում գտնվող AFP-ի լրագրողները նույնպես հայտնել են պայթյունի ձայն լսելու մասին։
18։10 – ԱՄՆ բանակի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավը ենթարկվել է հարձակման, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի ծառայությունը նշել է, որ Իրանի զինված ուժերի իրականացրած գործողությունների շրջանակում ԱՄՆ բանակի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել չորս բալիստիկ հրթիռներով։
18։00 – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ «հեղափոխության առաջնորդի [Ալի Խամենեիի] նահատակությունը տարիների զոհաբերության գագաթնակետն էր»։
«Մենք կշարունակենք ընթանալ մեր Գերագույն առաջնորդի հետքերով»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն «ուժգին հարվածներ հասցնել և ոչնչացնել թշնամիների ռազմական բազաները»։
17։40 – Արաբական Միացյալ Էմիրություններում առնվազն երեք մարդ է զոհվել, ևս 58-ը՝ վիրավորվել այն պահից, երբ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին ի պատասխան սկսել է իր պատասխան գործողությունները Ծոցի տարածաշրջանում։
ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հայտնաբերվել է 165 բալիստիկ հրթիռ, որոնցից 152-ը ոչնչացվել են, ինչպես նաև խոցվել է երկու թևավոր հրթիռ։ Հայտարարության համաձայն՝ «հայտնաբերվել է 541 իրանական անօդաչու թռչող սարք, որոնցից 506-ը խոցվել և ոչնչացվել են»։
17։30 – Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին այն բանից հետո, երբ թագավորությունը Թեհրանին մեղադրել էր իր տարածքը թիրախավորելու մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թագավորությունում Իրանի դեսպանին՝ ի պատասխան Իրանի հարձակումների, որոնք թիրախավորել են Թագավորությունը և մի շարք եղբայրական երկրներ»,- նշվում է X-ում հրապարակված հայտարարությունում։
17։25 – Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X-ում կատարած գրառմամբ դիմել է տարածաշրջանի երկրներին՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հարձակվել նրանց վրա․
«Մենք չենք ձգտում հարձակվել ձեզ վրա։ Սակայն երբ ձեր երկրներում գտնվող բազաներն օգտագործվում են մեր դեմ, և երբ Միացյալ Նահանգները տարածաշրջանում գործողություններ է իրականացնում՝ հենվելով այդ ուժերի վրա, մենք թիրախավորելու ենք այդ բազաները։ Այդ բազաները տվյալ երկրների տարածքը չեն, դրանք ամերիկյան տարածք են»,- ասված է Լարիջանիի գրառման մեջ։
17։15 – Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայաններում, Մերձավոր Արևելքում Իրանի հարձակման պատճառով՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր դեմ իրականացվող լայնածավալ և շարունակական հարվածների։
Աբու Դաբիի իշխանությունները հաստատել են, որ Զայեդի միջազգային օդանավակայանը (AUH) թիրախավորած անօդաչու թռչող սարքը խոցվել է, ինչի հետևանքով «ընկնող բեկորները» մեկ մարդու մահվան և յոթի վիրավորման պատճառ են դարձել։ Իսկ Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB)՝ ուղևորահոսքով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը, վնասվել է «միջադեպի» հետևանքով, որի արդյունքում չորս աշխատակից է վիրավորվել, հայտնել են իշխանությունները՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։
Տարածաշրջան ուղղված և այնտեղից իրականացվող հազարավոր չվերթներ դադարեցվել են, ինչը համարվում է համաշխարհային ավիափոխադրումների ամենալուրջ խափանումներից մեկը՝ Covid-19 համավարակից ի վեր։
16:35 Գերմանական փոխադրող Lufthansa-ն դադարեցրել է թռիչքները դեպի Թել Ավիվ, Բեյրութ, Ամման, Էրբիլ, Դամամ և Թեհրան՝ մինչև մարտի 8-ը ներառյալ՝ երկարաձգելով արդեն գործող չեղարկումները։
Ավիաընկերությունը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված ներկա իրավիճակով։
16։20 – Ավելի քան 1,000 ցուցարար բողոքի ակցիաներ են անցկացրել Աթենքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատների մոտ, ընդդեմ Իրանի դեմ իրականացված հարվածների։ Ցուցարարների պաստառների վրա կային «Ձեռքերը հեռու Իրանից» և «Փակեք Սուդայի բազան» գրություններ։
Շաբաթ օրը Հունաստանը խստացրել է անվտանգությունը Կրետե կղզում գտնվող Սուդայի ռազմածովային բազայում, որը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է արևելյան Միջերկրականում։
15։30 – Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով: [ՀՀ ԱԳՆ]
15։19 – Իրանի Փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, հաղորդում Է ISNA լրատվական գործակալությունը:
Որպես պահապանների խորհրդի անդամ՝ Արաֆին կմիանա ժամանակավոր կառավարման խորհրդին՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և գերագույն դատավոր Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեի հետ միասին:
15։15 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատել է «շատ վտանգավոր կարմիր գիծ»՝ սպանելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նա նշել է, որ ողջ աշխարհի շիաները կարձագանքեն Խամենեիի սպանությանը։
14։07 – Ալի Խամենեիի սպանության մասին հայտարարությունից հետո Իրանի տարբեր քաղաքներում կիրակի վաղ առավոտից սկսվել է հանրային հավաքների լայն ալիք։ Հանրահավաքները արագ տարածվել են Իրանի խոշոր հրապարակներում, կրոնական վայրերում և քաղաքային կենտրոններում, գրում է իրանական WANA (West Asia News Agency) գործակալությունը։
Նշվում է, որ հանրահավաքները չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով․ դրանք անցկացվում են բոլոր նահանգային կենտրոններում և բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում։
13։57 – Ալի Խամենեիի սպանության մասին լուրերից հետո պակիստանցի ցուցարարները ներխուժել են երկրի հարավում գտնվող Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանի արտաքին պատի տարածք։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին։
Reuters գործակալության թղթակիցը լսել է կրակոցների ձայներ, իսկ տեսագրություններում երևացել են հյուպատոսարանի գլխավոր մուտքի մոտ այրվող ավտոմեքենաներ։Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Լրատվամիջոցը նշում է, որ լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել նաև Պակիստանի այլ շրջաններում։
🇮🇶 Իրանամետ ցուցարարներ հավաքվել են նաև Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող «Կանաչ գոտու» մոտ, որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը։
13։52 – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը վրեժը դիտարկում է որպես իր «օրինական իրավունք և պարտականություն» և կանի հնարավոր ամեն ինչ այդ պարտականությունը կատարելու համար։
Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հանձնարարել է նախարարներին և նահանգապետերին ապահովել պետական կառավարման համակարգի անխափան աշխատանքը պատերազմի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։
13։12 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժով հարվածել։
«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնությամբ կհարվածենք, ինչպիսին նախկինում երբեք չի եղել»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում:
Ավելի վաղ Իրանի Խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելական օբյեկտներին։
12։15 – Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Sky News-ին հայտնել է, որ Իրանից երկու հրթիռ է արձակվել Կիպրոսի ուղղությամբ, որտեղ տեղակայված են հազարավոր բրիտանացի զինծառայողներ։ Նախարարը նշել է, որ չեն կարծում, թե դրանք միտումնավոր թիրախավորել են Կիպրոսը, սակայն սա օրինակ է, թե որքան իրական և աճող սպառնալիք է ներկայացնում մի ռեժիմ, որը լայնորեն հարվածներ է հասցնում ամբողջ տարածաշրջանում։
11։37 – Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից զոհվածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ըստ աղբյուրի՝ վիրավորների թիվը հասել է 95-ի։
11։32 – Իրանը ժամանակավորապես կղեկավարի երեք անձից բաղկացած խորհուրդը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամհոսեյն Մոհսենի Էյեն ու Պահապանների խորհրդի անդամներից մեկը, գրում են իրանական աղբյուրները։
Եռյակը կստանձնի մինչ այժմ իշխող այաթոլլա Ալի Խամենեիի պարտականությունները մինչև այն պահը, երբ փորձագետների խորհուրդը՝ 88 ազդեցիկ աստվածաբաններից կազմված մարմինը, կնշանակի իրավահաջորդին։ Իրանի օրենսդրության համաձայն՝ Փորձագետների խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ ընտրել նոր գերագույն առաջնորդ։ Ով կարող է դառնալ Խամենեիի իրավահաջորդը, առայժմ հայտնի չէ։
11։22 – Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա, Դոհա չվերթները։
Azatutyun-ը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ Դուբայի հայտնի Burj Al Arab հյուրանոցը և օդանավակայանը, որն օրական ավելի քան 1000 չվերթ է սպասարկում, վնասվել են Ծոցի երկրներում օբյեկտների վրա Իրանի գիշերային հարձակման հետևանքով։
Հարվածները վնասել են նաև Աբու Դաբիի և Քուվեյթի օդանավակայանները:
10։58 – Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրի զոհվելու լուրը:
Պաշտոնյաները սպանվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումների ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը:
10։29 – Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։
Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
08։41 – Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումների ժամանակ:
01։53 – Թրամփը հայտարարում է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «մեռած է»։
Իրանական կողմը դեռեւս չի հաստատել այս տեղեկությունը, ավելին՝ իրանական աղբյուրները շրջանառում են հերքող տեղեկություններ։
01։46 – Իրանական ԱԹՍ-ն հարվածել է Դուբայի միջազգային օդանավակայանին։
01։30 – Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստը նախագահում է Մեծ Բրիտանիան։ Արտակարգ նիստի անցկացումը պահանջել են Ռուսաստանը եւ Չինաստանը՝ Ֆրանսիայի, Բահրեյնի եւ Կոլումբիայի հետ միասին այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Իսրայելը համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։
00։11 – Reuters-ը, հղում անելով իսրայելցի ավագ պաշտոնյայի, նշում է, որ կան ապացույցներ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է։ Պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հայտնաբերվել է նրա մարմինը։ Իրանից դեռեւս պաշտոնական հաստատում չկա։
28 փետրվարի, 2026 թվական
23։21 – Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեւիթը։
23։13 – Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «կան աճող նշաններ», որ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է։
22։55 – Իրանի վրա այսօրվա հարձակումների հետևանքով մինչ այս պահը զոհվել է 201 մարդ, վիրավորների թիվը հասնում է 747-ի։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր Մահիկի խոսնակը։
22։50 – Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ այսօր տեղի է ունեցել Իրանի դեմ պատմության մեջ ամենալայնածավալ գործողությունը՝ 200 կործանիչների ներգրավմամբ և 500 օբյեկտների թիրախավորմամբ։
22։43 – ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հաջողությամբ պաշտպանվել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի «հարյուրավոր» հարձակումներից, և որ ԱՄՆ-ի կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան։
21։28 – Դուբայի Պալմ Ջումեյրա կղզում գտնվող շենքերից մեկում տեղի է ունեցել «միջադեպ», որի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Էմիրությունների պաշտոնական աղբյուրները։ «Դուբայի քաղաքպաշտպանությունը հաստատում է, որ առաջացած հրդեհը վերահսկողության տակ է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ականատեսներից մեկը AFP-ին հայտնել է, որ կղզու հյուրանոցներից մեկից խիտ սև ծուխ է բարձրանում։ Սոցիալական ցանցերում տարածվել են նաև տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ԱԹՍ-ն հարվածում Դուբայի հյուրանոցին։
BBC-ի փաստերի ստուգման ծառայությունը ստուգել է մի քանի տեսանյութեր։ Դրանցից մեկում երևում է պայթյուն կղզում գտնվող հինգաստղանի Fairmont հյուրանոցում։
20:46 – Եվրոպական միության ծովային Aspides առաքելության պաշտոնյան հայտնել է, որ նավերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ռադիոկապով ստանում են հաղորդումներ, որոնցում ասվում է՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով», հաղորդում է Reuters-ը։
Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթային արտահանման ուղին է, որը Ծոցի խոշոր նավթարտահանող երկրներին՝ Սաուդյան Արաբիային, Իրանին, Իրաքին և Արաբական Միացյալ Էմիրություններին, կապում է Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։
19:16 – Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին NBC-ի եթերում հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ողջ է՝ «որքանով իրեն հայտնի է»։
Նա նշել է, որ իրանցի երկու հրամանատարներ սպանվել են, բայց բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են։
Ավելի ուշ Reuters-ը և Al-Jazeera-ն, հղում անելով իրանական հեռուստաընկերությանը, հայտնել են, որ շուտով Խամենեին հանդես կգա ուղերձով։
19:09 – Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը, ինչը հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։ [Քուվեյթում ՀՀ դեսպանություն]
19:05 – ԱՄՆ ռազմաբազաների վրա մեր հարվածները պաշտպանական գործողություն են, ասել է Իրանի արտգործնախարարը։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կապի մեջ է եղել Ծոցի երկրների իր գործընկերների հետ և պարզաբանել, որ Իրանը նրանց վրա հարձակվելու մտադրություն չունի, և որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների դեմ իրականացվող հարվածները պաշտպանական գործողություն են։
«Մենք չէինք կարող պարզապես նստել և դիտել տեղի ունեցողը»,- ասել է նա, փոխանցում է Irna-ն։
18։23 – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Խորհրդակցությունը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով: Պեսկովի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
18։20 – Իրանագետ Ժաննա Վարդանյանը տելեգրամյան ալիքում գրել է, թե Իրանի վրա իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակման ֆոնին որ երկրներն են ընկել հարվածի տակ եւ որ երկրներն են խուսափել հարվածներից․ կարդալ՝ https://infocom.am/10024426/։
18։19 – Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հետ:
Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և մուսուլմանների դեմ, ուստի բոլոր մուսուլմանական երկրները «պետք է կատարեն իրենց պատմական պատասխանատվությունը»՝ չեզոքացնելու տարածաշրջանն ապակայունացնելու ծրագիրը:
18։00 – Մինաբ շրջանի հատուկ կառավարիչը հայտնել է, որ աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի հետևանքով զոհերի թիվը ժամը 17։00-ի դրությամբ հասել է 63-ի, կա 92 վիրավոր։ Նշվում է, որ մի շարք աշակերտներ դեռ գտնվում են փլատակների տակ։
17։30 – Սիրիայի Սուեյդա քաղաքում իրանական հրթիռային հարվածի հետևանքով 4 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA գործակալությունը։
Վկայակոչելով ականատեսներին և բնակիչների տարածած տեսանյութերը՝ գործակալությունը գրում է, որ հրթիռի այլ բեկորներ ընկել են Սիրիայի հարավային Դարաա նահանգի Կունեյտրա քաղաքում և Յարմուկի ավազանում։
17։27 – Իրանի Մինաբի շրջանում աղջիկների տարրական դպրոցին Իսրայելի կողմից հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ Իրանական Mehr գործակալությունը փոխանցում է, որ Մինաբիի նահանգապետ Բանդար Աբբասը հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 48-ի։
BBC-ի իրանական ծառայության թղթակիցը BBC-ի եթերում ասել է, որ առայժմ հայտնի չէ՝ իրանական դպրոցի վրա հարվածը եղել Իսրայելի կողմից, թե ԱՄՆ-ի։
17։24 – Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) և Ալ Մաքթում օդանավակայանը (DWC) դադարեցրել են իրենց աշխատանքները, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Դուբայի օդանավակայանների կայքը։
Երկու օդանավակայաններն էլ փակ կլինեն մինչև հետագա ծանուցում։
Ուղևորներին խորհուրդ է տրվում չմեկնել օդանավակայան և անմիջապես կապվել իրենց ավիաընկերությունների հետ՝ չվերթի մանրամասները ճշտելու համար։
DXB-ն աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է։ 2025 թվականին այն սպասարկել է ավելի քան 95 միլիոն ուղևոր։
17։13 – ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։ [ՀՀ ԱԽ]
16։51 – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել: Մակրոնի խոսքով՝ Թեհրանը պետք է գիտակցի, որ իրեն որևէ այլընտրանք չի մնում, քան «բարեխիղճ բանակցություններ» սկսել և հրաժարվել իր միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագրերից:
16։50 – Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելը նախապես տեղեկացրել է իրենց Իրանի դեմ նախատեսված հարվածների մասին: Կառավարության խոսնակը հայտարարել է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուշադիր հետևում է զարգացումներին և կապ է պահպանում եվրոպացի գործընկերների հետ: Մերցը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ։
16։46 – Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ չի մասնակցել իսրայելա-ամերիկյան գործողությանը և չէր ցանկանա այս տարածաշրջանային հակամարտության հետագա սրացում կամ ընդլայնում:
Բրիտանիայի իշխանությունները նաև ընդգծել են, որ վերջերս ամրապնդել են իրենց պաշտպանական կարողությունները Մերձավոր Արևելքում՝ բացառապես տարածաշրջանում իրենց քաղաքացիներին պաշտպանելու նպատակով:
«Իրանին երբեք չպետք է թույլատրվի միջուկային զենք մշակել, և հենց այդ պատճառով էլ մենք մշտապես աջակցում ենք բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու ջանքերին»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:
16։42 – Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել արաբական երկրների գործընկերների հետ։
Աբբաս Արաղչին ներկայացրել է ընթացիկ զարգացումները և ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ ռազմական գործողությունը գնահատել որպես ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում և միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ բացահայտ հանցագործություն՝ ընդգծելով, որ Իրանը, հիմնվելով օրինական ինքնապաշտպանության իրավունքի վրա, կօգտագործի իր բոլոր կարողությունները երկրի պաշտպանությունն ապահովելու համար։
Նախարարը, նշելով Իրանի պատրաստակամությունը շարունակելու բարի հարևանության և բարեկամության քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, հիշեցրել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը, որը արգելում է մասնակցել այլ պետության դեմ ագրեսիվ գործողություններին։
16։37 – Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է «բացահայտ հարձակման՝ իրանական բալիստիկ հրթիռների կիրառմամբ»։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռի բեկորներն ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասի վրա, ինչի արդյունքում կա մեկ զոհ։
«ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս սրացմանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «Իրանի բացահայտ ագրեսիան» և լիակատար զորակցություն հայտնել ԱՄԷ-ին, Բահրեյնին, Կատարին, Քուվեյթին և Հորդանանին։
Կատարի պաշտպանության նախարարությունը Իրանի հարվածներն անվանել է իր ինքնիշխանության «բացահայտ խախտում» և հայտարարել, որ իրենց զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել հարձակումների երկրորդ ալիքը։
16։15 – Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ Այս մասին ասված է ԵՄ ինստիտուտների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ։ «Մենք վերահաստատում ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մեր անսասան հանձնառությունը։ Կարևորագույն նշանակություն ունեն միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը կամ խաթարել համաշխարհային չտարածման ռեժիմը։
ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տարածաշրջանում գտնվող ԵՄ քաղաքացիները կարողանան հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը»։
15։57 – Իրանի բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել, բազմաթիվ իրանցիներ սկսել են դուրս գալ քաղաքներից՝ անվտանգ վայր փնտրելու համար, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վախ և խուճապ է տարածել ամբողջ երկրում։ Ականատեսների խոսքով՝ անվտանգության ուժերը փակել են ճանապարհները Թեհրանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի գրասենյակները և խորհրդարանը։
15։25 – Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները որակում է անխոհեմ քայլ «ՌԴ ԱԳՆ-ն դատապարտելի է համարում նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են վերականգնված բանակցային գործընթացի պայմաններում։
Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ սկսել են վտանգավոր արկածախնդրություն, որը տարածաշրջանը արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, չի բացառվում, նաև ռադիոլոգիական աղետի։
Ագրեսորների մտադրությունները բացահայտ են՝ քանդել իրենց համար անցանկալի պետության սահմանադրական կարգը և վերացնել դրա ղեկավարությանը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային թելադրանքին և հեգեմոնիային։
Ստեղծված ճգնաժամի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ դրվում է նրանց վրա»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն՝ կոչ անելով վերադառնալ դիվանագիտական կարգավորման դաշտ։
15։17 – Մի շարք ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները դեպի Իրան, Մերձավոր Արևելքի այլ երկրներ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին:
Հունական խոշորագույն ավիափոխադրող Aegean Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ, Բեյրութ և Էրբիլ և հակառակ ուղղությամբ մինչև մարտի 2-ը:
Air France ավիաընկերությունը փետրվարի 28-ին և մարտի 1-ին չեղարկում Է թռիչքները դեպի Իսրայել:
Ընկերությունը չեղյալ է հայտարարել նաև փետրվարի 28-ին չվերթերը դեպի Բեյրութ, Դուբայ և Էր Ռիադ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ: Air France-ը հայտնել է, որ ավելի ուշ կհայտնի առաջիկա օրերին այդ ուղղություններով թռիչքների իր պլանների մասին:
Չեղարկվել է նաև Քուվեյթ-Երևան թռիչքը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ ռուսական ավիափոխադրողները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան և Իսրայել:
14։34 – ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
Արտգործնախարարությունը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
Թեժ գծեր՝
Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp)․
Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։
14։32 – Իրանի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական հարվածը թիրախավորել է տարրական դպրոց․ զոհվել է 5 մարդ։ IRNA-ի հաղորդմամբ՝ Իսրայելի հարվածը դիպել է աղջիկների տարրական դպրոցին Մինաբ քաղաքում, որը գտնվում է Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում։ Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
13։53 – Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վճռական պատասխան տալ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական հարձակմանը։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի նոր ռազմական ագրեսիան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանը և ԱՄՆ-ն գտնվում էին դիվանագիտական գործընթացի մեջ։ Իրանի ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ պատերազմի կանխման համար իրականացվել են անհրաժեշտ բոլոր քայլերը։
Այժմ ժամանակն է պաշտպանել հայրենիքը և դիմակայել թշնամու ռազմական հարձակմանը։ Ինչպես բանակցությունների համար պատրաստ էինք, այնպես էլ այսօր առավել քան երբևէ պատրաստ ենք պաշտպանել Իրանի անվտանգությունը։ Իրանի զինված ուժերը վճռական պատասխան կտան ագրեսորներին»,- ասված է հայտարարության մեջ։
13։44 – Քաթարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են հնչել, հայտնում է Al Jazeera-ն։ Քաթարի պաշտպանության նախարարության հայտարարությունից կարճ ժամանակ անց, ըստ որի՝ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են, Դոհայում լսվել են երկու ուժեղ պայթյունի ձայներ։
13։32 – Ծոցի երկրները փակել են իրենց օդային տարածքները, գրում է Al Jazeera։ Քաթարը, Քուվեյթը և Արաբական Միացյալ Էմիրությունները փակել են իրենց օդային տարածքները։
13։31 – Բահրեյնը հայտնել է, որ հրթիռային հարձակման թիրախ է դարձել ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբը, գրում է Al Jazeera-ն։
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի գլխավոր շտաբը Իրանի կողմից ենթարկվել է հրթիռային հարձակման։
13։23 – Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ չի ընդունի, եթե որևէ մեկը «երկիրը ներքաշի արկածախնդրությունների մեջ, որոնք սպառնում են նրա անվտանգությանը և միասնությանը»․ այս հայտարարությունը դիտվում է որպես անուղղակի ուղերձ «Հեզբոլլահին», որպեսզի այն չմիջամտի հաջակցություն Իրանի, գրում է CNN-ը։
«Տարածաշրջանում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների պայմաններում կրկին կոչ եմ անում բոլոր լիբանանցիներին ցուցաբերել իմաստություն և հայրենասիրություն՝ Լիբանանի և լիբանանցիների շահերը վեր դասելով ամեն ինչից»,- գրել է Սալամը X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Ես վերահաստատում եմ, որ չենք թույլատրի որևէ մեկին երկիրը ներքաշել արկածախնդրությունների մեջ, որոնք սպառնում են նրա անվտանգությանը և միասնությանը»։
13։16 – Համաշխարհային ինտերնետային մոնիթորինգ իրականացնող NetBlocks կազմակերպությունը նոր տեղեկություն է հրապարակել Իրանում կապի վիճակի վերաբերյալ։
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ ցանցային տվյալները ցույց են տալիս՝ Իրանը ներկայում գտնվում է «գրեթե ամբողջական ինտերնետային անջատման» վիճակում, և երկրի մակարդակով կապի հասանելիությունը նվազել է մինչև 4 տոկոս։
13։15 – Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին հարվածելու ռազմական գործողությունն անվանել է «Առյուծի մռնչյուն»․ այս մասին հայտնել է Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը։
«Նեթանյահուն որոշում է ընդունել Իրանում ընթացող գործողության անվանումը «Հուդայի վահան»-ից վերանվանել «Առյուծի մռնչյուն»»,- նշել է vesti.ru-ն։
12։57 – Իրանը պատասխան հարված է հասցնում Իսրայելին։ Իրանական զլմ-ները հաղորդում են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ երկրի տարածքում միացել են օդային ազդանշանները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ Իրանն, ի պատասխան հարձակման, հրթիռներ է բաց թողել։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել, որում ասվում է, թե «քիչ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներ»։
12։28 – Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր։
Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան։ Ավելի վաղ Իսրայելական աղբյուրները գրել են, որ հարվածների թիրախում են եղել իրանական կառավարական շենքեր, այդ թվում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրը։ Մինչդեռ իրանական աղբյուրները վստահեցնում են, որ Խամենեին անվտանգ վայրում է։ Իրանական զլմ-ները հաղորդում են, որ Իսրայելը հարվածներ է հասցնում նաեւ Սպահանին, Քյարաջին, Քերմանշահին եւ այլուր։
12։27 – Թրամփը հաստատում է, որ ԱՄՆ-ն մասնակցում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը․ «Կարճ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ Իրանում»։
Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և ԱՄՆ այլևս չի կարող հանդուրժել դա. «Այդ պատճառով Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ և շարունակական գործողություն՝ կանխելու այս չար, ծայրահեղական բռնապետության սպառնալիքը Ամերիկային և մեր ազգային անվտանգության կենսական շահերին։
Մենք ոչնչացնելու ենք նրանց հրթիռները և հիմնահատակ կքանդենք նրանց հրթիռային արդյունաբերությունը։
Մենք ոչնչացնելու ենք նրանց նավատորմը։ Մենք կապահովենք, որ տարածաշրջանի ահաբեկչական խմբերը այլևս չկարողանան ապակայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը և հարձակվել մեր ուժերի վրա։ Եվ մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա»,- ասել է Թրամփը։
11։21 – Իրանը երկրի օդային տարածքը փակել է 6 ժամով։ Այս մասին Irna-ին հաղորդել է երկրի քաղավիացիայի ոլորտի ներկայացուցիչը։ Քաղաքացիներին կոչ է արվում չգնալ օդանավակայաններ և սպասել հետագա հայտարարություններին։
11։17 – «Իսրայելի պետությունը նախահարձակ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Ըստ Reuters-ի՝ իսրայելական պաշտպանության ոլորտի մի պաշտոնյա ասել է, որ գործողությունը ամիսներ շարունակ պլանավորվել է Վաշինգտոնի հետ համակարգմամբ։
Իսրայելի հարվածը տեղի է ունենում Իրան-ԱՄՆ բանակցությունների եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի բազմակի նախազգուշացումների ֆոնին, որ նրանք կհարվածեն Իրանին, եթե նա շարունակի իր միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերը
10։42 – Իսրայելը հարվածել է Իրանին, հաղորդում է Jerusalem post-ը։ Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին մնալ պաշտպանված տարածքների կամ ապաստարանների մոտ։ Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Թեհրանում պայթյունի ձայներ են լսվել, խիտ ծխի ամպ է տեսանելի։
Գլխավոր լուսանկարը՝ իրանական IRNA գործակալության, Իրան, 2026 թվական
