Եվրոպական միության ծովային Aspides առաքելության պաշտոնյան հայտնել է, որ նավերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ռադիոկապով ստանում են հաղորդումներ, որոնցում ասվում է՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով», հաղորդում է Reuters-ը։
Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթային արտահանման ուղին է, որը Ծոցի խոշոր նավթարտահանող երկրներին՝ Սաուդյան Արաբիային, Իրանին, Իրաքին և Արաբական Միացյալ Էմիրություններին, կապում է Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Լուսանկարը՝ Reuters-ի