azatutyun.am Իսրայելը հայտարարել է, որ կիրակի օրը հարվածների հերթական ալիքն է հասցրել Իրանին: Զինված ուժերի հաղորդմամբ՝ հարվածել են իրանական բալիստիկ հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերին:
Իրանի զինված ուժերը շուտով կրկին պատասխան հարված կհասցնեն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի բազաների դեմ ամենամեծ հարձակումն իրականացնելով, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսը:
Կիրակի վաղ առավոտյան Իսրայելի ողջ տարածքում բազմիցս հնչել են օդային տագնապի ազդանշաններ, իսկ Թել Ավիվում լսվել են մի շարք պայթյուններ:
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։