Իրանում աղջիկների դպրոցի վրա հարձակումից զոհվածների թիվը հասել է 148-ի | 1lurer.am

1lurer.am Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից զոհվածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Մինաբում զոհերի թիվը հասել է 148-ի, վիրավորների թիվը՝ 95-ի»,- ասվում է հաղորդագրությունում։

Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակումից ժամեր անց հայտնի դարձավ, որ հարվածի թիրախ է դարձել աղջիկների տարրական դպրոց Մինաբ քաղաքում, որը գտնվում է Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում։ Զոհերի ու վիրավորների թիվն աճում է։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն