ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժով հարվածել, եթե Իրանը կյանքի կոչի սեփական սպառնալիքները։
«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնությամբ կհարվածենք, ինչպիսին նախկինում երբեք չի եղել»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում:
Ավելի վաղ Իրանի Խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելական օբյեկտներին։
Լուսանկարը՝ Սպիտակ տան / Թրամփը հետեւում է Իրանում ռազմական գործողություններին
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։