civilnet.am Իրանը վրեժխնդրությունը համարում է իր «պարտականությունն ու օրինական իրավունքը»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Փեզեշքիանն ասել է, որ Խամենեիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության համար վրեժ լուծելը երկրի «պարտականությունն ու օրինական իրավունքն» է։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը արդարադատություն փնտրելը և այս պատմական հանցագործությունը կատարածներից ու պատվիրատուներից հատուցում պահանջելը համարում է իր պարտականությունն ու օրինական իրավունքը, և այն իր ողջ ուժը կնվիրի այս մեծ պատասխանատվությունն ու պարտավորությունը կատարելուն»,- ասել է Իրանի նախագահը։
Լուսանկարում՝ Մասուդ Փեզեշքիանը / WANA
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։