Իրանի տարբեր քաղաքներում հանրահավաքներ են

Ալի Խամենեիի սպանության մասին հայտարարությունից հետո Իրանի տարբեր քաղաքներում կիրակի վաղ առավոտից սկսվել է հանրային հավաքների լայն ալիք։ Հանրահավաքները արագ տարածվել են Իրանի խոշոր հրապարակներում, կրոնական վայրերում և քաղաքային կենտրոններում, գրում է իրանական WANA (West Asia News Agency) գործակալությունը։

Նշվում է, որ հանրահավաքները չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով․ դրանք անցկացվում են բոլոր նահանգային կենտրոններում և բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում։

Լուսանկարը՝ Majid Asgaripour / WANA

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն