Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայաններում, Մերձավոր Արևելքում Իրանի հարձակման պատճառով՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր դեմ իրականացվող լայնածավալ և շարունակական հարվածների։
Աբու Դաբիի իշխանությունները հաստատել են, որ Զայեդի միջազգային օդանավակայանը (AUH) թիրախավորած անօդաչու թռչող սարքը խոցվել է, ինչի հետևանքով «ընկնող բեկորները» մեկ մարդու մահվան և յոթի վիրավորման պատճառ են դարձել։
Իսկ Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB)՝ ուղևորահոսքով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը, վնասվել է «միջադեպի» հետևանքով, որի արդյունքում չորս աշխատակից է վիրավորվել, հայտնել են իշխանությունները՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։
Տարածաշրջան ուղղված և այնտեղից իրականացվող հազարավոր չվերթներ դադարեցվել են, ինչը համարվում է համաշխարհային ավիափոխադրումների ամենալուրջ խափանումներից մեկը՝ Covid-19 համավարակից ի վեր։
Իշխանությունները նաև հաստատել են, որ խոցված անօդաչու սարքի բեկորները «թեթև հրդեհ» են առաջացրել հինգաստղանի «Բուրջ Ալ Արաբ» հյուրանոցի արտաքին ճակատային հատվածում։
Դուբայում «օդային խոցման» արդյունքում ընկած բեկորները հրդեհ են առաջացրել նաև Ջեբել Ալիի խորաջրային նավահանգստի նավամատույցներից մեկում․ այն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը ծանրաբեռնվածության ցուցանիշով։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։