Իրանը թիրախավորելու է տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան բազաները․ Լարիջանի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X-ում կատարած գրառմամբ դիմել է տարածաշրջանի երկրներին՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հարձակվել նրանց վրա․

«Մենք չենք ձգտում հարձակվել ձեզ վրա։ Սակայն երբ ձեր երկրներում գտնվող բազաներն օգտագործվում են մեր դեմ, և երբ Միացյալ Նահանգները տարածաշրջանում գործողություններ է իրականացնում՝ հենվելով այդ ուժերի վրա, մենք թիրախավորելու ենք այդ բազաները։ Այդ բազաները տվյալ երկրների տարածքը չեն, դրանք ամերիկյան տարածք են»,- ասված է Լարիջանիի գրառման մեջ։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն