ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն չունի տարհանելու Իսրայելից հեռանալ ցանկացող ամերիկացիներին

Անվտանգության իրավիճակը և Իսրայելի Թիկունքի հրամանատարության ցուցումները հաշվի առնելով՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 2026 թվականի մարտի 2-ին։ Սա վերաբերում է նաև Երուսաղեմի և Թել Ավիվի հյուպատոսական բաժիններին։ Անձնագրային ծառայություններ և արտերկրում ծննդյան հյուպատոսական գրանցումներ չեն իրականացվի։ Այս մասին հաղորդում է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը։

«Այս պահին ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն չունի տարհանելու կամ անմիջական աջակցություն ցուցաբերելու Իսրայելից հեռանալ ցանկացող ամերիկացիներին։

Բեն Գուրիոն օդանավակայանը շարունակում է փակ մնալ, և այնտեղից առևտրային կամ չարտերային թռիչքներ չեն իրականացվում։ Խորհուրդ է տրվում հետևել օդանավակայանի կարգավիճակին համապատասխան աղբյուրներով»։

ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին պահպանել զգուշավորություն և բարձրացնել անձնական անվտանգության զգոնությունը, այդ թվում՝ իմանալ մոտակա ապաստարանի գտնվելու վայրը, «քանի որ անվտանգության միջադեպերը՝ ականանետային, հրթիռային և հրթիռակոծության հարվածները կամ անօդաչու թռչող սարքերի ներխուժումները, հաճախ տեղի են ունենում առանց նախազգուշացման»։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն