Իրանի արտգործնախարարը Al Jazeera-ին ասել է, որ երկիրը «սկսել է սահմանադրական գործընթաց, և այսօր ստեղծվել է Անցումային խորհուրդ, որը կաշխատի գործերի կառավարման ուղղությամբ»։ Խորհուրդը կազմված է նախագահից, դատական համակարգի ղեկավարից և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբաններից մեկից։
Այս երեք հոգանոց խումբը կղեկավարի երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Իսկ հետո տեղի կունենա Փորձագետների ժողովի կողմից նոր առաջնորդի ընտրությունը, որը, թերևս, կարճ ժամանակ կպահանջի, գուցե մեկ կամ երկու օրից նրանք երկրի նոր առաջնորդ կընտրեն, ասել է նա։
«Դուք կարող եք ականատեսը լինել գերագույն առաջնորդի ընտրության մեկ օրից կամ երկու»,- ասել է նա։
Արտգործնախարարն ընդգծել է՝ Իրանը որևէ սահմանափակում չունի ինքն իրեն պաշտպանելու հարցում:
Գերագույն առաջնորդի սպանությունը «շատ լուրջ և աննախադեպ գործողություն է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում», հավելել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ շեշտելով, որ Խամենեի սպանությունը առճակատումն ավելի բարդ և վտանգավոր կդարձնի։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։