Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ դպրոցը թիրախավորվել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության հենց սկզբում՝ փետրվարի 28-ին։ Այդ ժամանակից ի վեր զոհերի թիվը շարունակում է աճել։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։