Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում գտնվող «Կիրիա» ռազմական շտաբի տանիքից հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ առաջիկա օրերին Իսրայելը կուժեղացնի հարվածներն ընդդեմ Իրանի․
«Երեկ մենք վերացրինք բռնապետ Խամենեիին։ Նրա հետ միասին վերացրինք ճնշող ռեժիմի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ նշելով, որ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ առաջիկա օրերին կշարունակվեն և կընդլայնվեն։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Գլխավոր լուսանկարը՝ Բենիամին Նեթանյահու, Աբիր Սուլթան/ Shutterstock