Իսրայելը հարվածներ է սկսել Լիբանանի վրա | armenpress.am

armenpress.am Իսրայելը հարվածների շարք է սկսել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա այն բանից հետո, ինչ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, «Հեզբոլլահ»-ից հայտնել են, որ հարձակումներն արվել են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության ու «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։

Բեյրութում գտնվող Associated Press-ի լրագրողը հայտնել է մայրաքաղաքում հնչող պայթյունի բարձր ձայների մասին։

Լիբանանի կառավարության ներկայացուցիչները հորդորել են «Հեզբոլլահ»-ին չներքաշվել պատերազմի մեջ։ Վարչապետ Նաուաֆ Սալամը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ երկիրը ներքաշվի նոր արկածների մեջ, և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պատասխանատուներին ձերբակալելու և լիբանանցի ժողովրդին պաշտպանելու համար»։

Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը մարտի 2-ին հայտարարել է, որ Լիբանանի վրա զինվորականների հարվածները կլինեն և՛ հարձակողական, և՛ պաշտպանական։ Նա մեղադրել է  «Հեզբոլլահ»-ին ռազմական գործողություններ սկսելու մեջ և խոստանալով, որ Իսրայելի «անվտանգությանը սպառնացող ցանկացած թշնամի բարձր գին կվճարի»։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն