azatutyun.am Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և սահմանափակ պաշտպանական թիրախ», հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Նա ասել է, որ բրիտանական ինքնաթիռներն արդեն մասնակցում են համակարգված պաշտպանական գործողություններին և որսացել են Իրանի հարվածները: Նա հավելել է, որ Ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:
«Սպառնալիքը կանգնեցնելու միակ միջոցը հրթիռները տեղում ոչնչացնելն է», -ասել է Սթարմերը:
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։