azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» և հայտարարել, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել»:
Ընդունելով հակամարտության ընթացքում երեք ամերիկացի զինվորների կորուստը՝ Թրամփը խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար:
Թրամփը նախազգուշացրել Է Իրանի անվտանգության ծառայության ղեկավարներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինվորականներին և ոստիկանությանը, «վայր դնել զենքերը և ստանալ լիակատար անձեռնմխելիություն կամ դիմակայել անխուսափելի մահվան»:
Daily Mail-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել ևս մեկ ամիս:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։