Մենք ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու․ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ հերքելով Wall Street Journal-ի հաղորդագրությունը, թե ինքը Օմանի միջոցով դիմել է ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու խնդրանքով:

«Թրամփը տարածաշրջանը քաոսի մեջ է գցել իր «կեղծ հույսերով» և այժմ վախենում է ավելի շատ ամերիկացի զինվոր կորցնելուց»,- X-ում գրել է Լարիջանին՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահն իր զինվորներին զոհաբերել է հանուն Իսրայելի իշխանատենչ ձգտումների։

«Այսօր իրանական ազգը պաշտպանում է իրեն։Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականի լրագրող Մայքլ Շերերին հայտնել էր, որ «Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել իր հետ, և նա պատրաստվում է ընդունել այդ առաջարկը»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն