Իսրայելը հայտնել է Իրանի դեմ գործողությունների մեկնարկից ի վեր 777 քաղաքացու հոսպիտալացման մասին | armenpress.am

armenpress.am Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր 777 մարդ է տեղափոխվել  հիվանդանոցներ։ Նրանցից 86-ը ներկայում հոսպիտալացված են կամ շտապօգնության բաժանմունքում են։

Նախարարության տվյալներով՝ չորսը գտնվում են ծանր վիճակում, քսանը՝ միջին ծանրության, իսկ 58-ը՝ լավ վիճակում։ Եվս չորսը բժշկական զննում են անցնում։

Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ապաստարաններ վազելու ընթացքում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն