Թուրքիա-Իրան 3 սահմանային անցակետերում ամենօրյա ուղևորափոխադրումները դադարեցվել են

Թուրքիայի Առեւտրի նախարարը հայտարարել է, որ Թուրքիա-Իրան սահմանային երեք անցակետերում որեւէ արտակարգ իրավիճակ չկա, սակայն երկկողմ ամենօրյա ուղեւորափոխադրումները դադարեցվել են։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ առեւտրային բեռնափոխադրումները վերահսկվող պայմաններում շարունակվում են։

Թեեւ ամենօրյա ուղեւորափոխադրումները դադարեցվել են, սակայն Իրանի քաղաքացիները Թուրքիայից կարող են մուտք գործել Իրան։

Միեւնույն ժամանակ, Թուրքիան թույլ է տալիս Իրանում գտնվող իր քաղաքացիներին, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիներին մուտք գործել Թուրքիա։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն