Քննարկվում են բոլոր տարբերակները․ Իսրայելի ԶՈՒ խոսնակը՝ Լիբանանի ուղղությամբ ցամաքային հարձակման մասին

Քննարկվում են բոլոր տարբերակները: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԶՈՒ խոսնակը՝ ի պատասխան Լիբանանի ուղղությամբ ցամաքային հարձակման վերաբերյալ հարցի, փոխանցում է Guardian-ը:

Նա նշել է, թե «Հեզբոլլահը» շատ վատ սխալ է գործել»՝ գիշերը Իսրայելի վրա հարձակվելով:

«Իսրայելի ԶՈՒ-ն շատ արագ կարձագանքի, և նրանք մեծ գին կվճարեն: «Հեզբոլլահն» է գիշերը կրակ բացել մեզ վրա: Նրանք հստակ գիտեին, թե ինչ են անում»,- ասել է խոսնակը:

Al Jazeera-ն հայտնում է, որ խոսնակը փոխանցել է, որ Իսրայելը մոբիլիզացրել է մոտ 100,000 պահեստազորայինների, տասնյակ գումարտակների, բրիգադների, դիվիզիաների, որոնք պատրաստ են «հնարավոր բոլոր իրադարձություններին՝ թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման»։

Առավոտյան հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածների շարք է սկսել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա այն բանից հետո, ինչ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։

«Հեզբոլլահ»-ից էլ հայտնել են, որ հարձակումներն արվել են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության ու «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն