armenpress.am Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մարտի 2-ին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանում «միակողմանի» հարձակումները պետք է նախապես քննարկվեին հենց այդ նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Այս մասին հայտնում է France 24-ը։
«Միայն (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդին դիմելով կարող է ուժի կիրառումը ձեռք բերել անհրաժեշտ լեգիտիմություն», – Փարիզում լրագրողներին ասել է Բարոն։
Նա հայտնել է, որ այս պահին չկան տեղեկություններ ֆրանսիացի զոհերի կամ տուժածների մասին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել Լիբանանին հեռու մնալ տարածաշրջանային էսկալացիայից։
«Ֆրանսիան կշարունակի աջակցել Լիբանանի պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը, և մենք նրանց հետ համաժողով կկազմակերպենք՝ տարածաշրջանում զինված ուժերի մասին խոսելու համար»,- հայտնել է նա։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։