armenpress.am Հորդանանի քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը փակ կլինի բոլոր մուտքային, ելքային և տարանցիկ չվերթերի համար ամեն օր՝ սկսած մարտի 2-ից, ժամը 18:00-ից (15:00 GMT) մինչև 9:00-ն (06:00 GMT) մինչև հետագա ծանուցում։ Այս մասին հաղորդում Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։
«Որոշումը կայացվել է տարածաշրջանային ներկայիս զարգացումների և միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի գնահատման լույսի ներքո», – նշված է հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։
Հանձնաժողովի գլխավոր հանձնակատար, կապիտան Դայֆալլահ ալ-Ֆարաջաթը նշել է, որ որոշման նպատակն է պաշտպանել քաղաքացիական ավիացիայի գործողությունները և ապահովել Հորդանանի օդային տարածքում անվտանգության և պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը՝ տարածաշրջանում առկա պայմաններում։
Հանձնաժողովը կոչ է արել ուղևորներին համապատասխան ավիաընկերությունների հետ համակարգել թռիչքների ժամանակացույցի և ժամանակավոր սահմանափակումներից բխող ցանկացած փոփոխության վերաբերյալ տեղեկությունները։
Ավելի վաղ Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ թռիչքներ դեռևս չեն իրականացվի։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։