factor.am ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, հայտնում է Reuters-ը։ Ըստ նրա՝ հարված է հասցվել Նաթանզի միջուկային օբյեկտին։
Նաջաֆի պնդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 1-ին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են «իրանյան խաղաղ, պաշտպանված միջուկային օբյեկտներին», գրում է The Insider-ը։ Այս տեղեկատվության այլ հաստատում, սակայն, չկա։ Հակամարտության մյուս կողմերը չեն մեկնաբանել այս հայտարարությունը։
ՄԱԳԱՏԷ-ն ներկայում որևէ տեղեկություն չունի այն մասին, որ Իրանի որևէ միջուկային օբյեկտ վնասվել կամ հարձակման է ենթարկվել, ասել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
Իրանի ուրանի հարստացման գլխավոր կենտրոնը գտնվում է Նաթանզում։ Հակամարտության սկսվելուց կարճ ժամանակ առաջ արբանյակային պատկերները գրանցել են Իրանի լայնածավալ ջանքերը՝ ամրապնդելու իր միջուկային և ռազմական օբյեկտները, այդ թվում՝ Նաթանզը։ Իրանի միջուկային օբյեկտները Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում արդեն ենթարկվել էին ԱՄՆ հարձակման անցյալ տարվա հունիսի վերջին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։