azatutyun.am Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը:
«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», – այսօրվա ասուլիսում հայտնեց Խալիլ Շիրղոլամին:
Պաշտոնական Երևանը Հայաստան-Իրան ցամաքային փակման մասին ոչինչ չի հաղորդել:
Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:
«Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան», – նշեց դեսպանը՝ հավելելով, որ երեկ մոտ 20 հոգի է ցամաքային ճանապարհով ուղևորվել Իրան, ևս 15 հոգի էլ կհասնեն Երևան, հետո՝ Իրան:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։