Նեթանյահուի գրասենյակը հերքել է ԻՀՊԿ-ի պնդումը, թե Իսրայելի վարչապետի «ճակատագիրը անհայտ է» Երուսաղեմին հասցված հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Երուսաղեմում հրթիռային հարվածների մասին որևէ հաղորդում չի եղել, բացի մի քանի ժամ առաջ եղած հարձակումից, որի ընթացքում միացել են տագնապի ազդանշանները․ «Համաձայն եղած բոլոր տեղեկությունների՝ Նեթանյահուի գրասենյակն անվնաս է», – նշել են գրասենյակից:
Հիշեցնենք, ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ այսօր առավոտյան Իրանի կողմից հարձակման է ենթարկվել այն վայրը, որտեղ գտնվել են Իսրայել վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ նշվում էր, որ Նեթանյահուի ճակատագիրը դեռևս անհայտ է։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։