1lurer.am Իրանի հրթիռները հարվածել են Կատարի էներգետիկ օբյեկտներին, երկուշաբթի հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն։
«Մի հրթիռը հարվածել է Mesaieed էլեկտրակայանի ջրի պահեստին, մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտին, որը QatarEnergy-ի մաս է կազմում»,- հեռուստաալիքը մեջբերել է Կատարի ՊՆ-ի հայտարարությունը:
Պաշտպանության նախարարության տվյալով՝ ընդհանուր առմամբ երկու հրթիռային հարձակում է եղել, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Հարձակման պատճառած վնասը և կորուստները կգնահատեն համապատասխան մարմինները, իսկ պաշտոնական հայտարարությունները կհրապարակվեն ավելի ուշ»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։