Իրանի դեմ գործողությունը չի հանգեցնի «անվերջ պատերազմի»․ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ Իրանում գործողության նպատակն է ոչնչացնել իրանական հրթիռների, հրթիռների արտադրության օբյեկտների, ռազմածովային ակտիվների և անվտանգային այլ ենթակառուցվածքներ։

Հեգսեթը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ զորքեր չկան, բայց չի բացառել ապագայում դրանց առկայության հնարավորությունը՝ նշելով, որ չի բացահայտի, թե ինչ կարող է անել կամ չանել ԱՄՆ-ն․ «Նախագահ Թրամփը երաշխավորում է՝ մեր թշնամիները հասկանում են, որ մենք կգնանք այնքան հեռու, որքան անհրաժեշտ է՝ ամերիկյան շահերը առաջ մղելու համար», – լրագրողներին ասել է Հեգսեթը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը հայտարարել էր, որ գործողությունը «մեկ գիշերվա առաքելություն չէ»։ Ամերիկացի 4 զինծառայողների զոհվելու մասին լուրին անդրադառնալով՝ նա նշել է․ «Ակնկալում ենք, որ լրացուցիչ կորուստներ կունենանք, և, ինչպես միշտ, կաշխատենք դրանք հասցնել նվազագույնի»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն