armenpress.am Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ «Մռնչացող առյուծ» գործողության ընթացքում մինչ օրս Իրանում ոչնչացվել է գրեթե 600 ենթակառուցվածքային օբյեկտ, օգտագործվել է 2500 զինամթերք և մոբիլիզացվել է մոտ 110 000 պահեստազորային։
Այս մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում գրառման մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ «Մռնչացող առյուծ» գործողությունից առաջ Գործողությունների վարչությունը մի քանի ամսվա ընթացքում խորը մարտական նախապատրաստական գործընթաց է իրականացրել։
ԻՊԲ-ն հավելում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով Հետախուզության վարչության ճշգրիտ հետախուզական տվյալների և Գործողությունների վարչության հետ, մինչ օրս թիրախավորել է իրանական ավելի քան 600 ենթակառուցվածքային օբյեկտ, որոնց թվում են իրանցի ռազմական ղեկավարներին պատկանող ավելի քան 20 թիրախ, ավելի քան 150 «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռ և ավելի քան 200 իրանական հակաօդային պաշտպանության համակարգ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում