1lurer.am Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Նաթանզի միջուկային օբյեկտին։
«Երեկ նրանք կրկին հարձակվել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Նրանց պատճառաբանությունը, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք մշակել, պարզապես մեծ սուտ է»,- Associated Press-ը մեջբերել է նրա խոսքերը։
Երբ լրագրողները խնդրել են պարզաբանել, թե որ օբյեկտն է հարձակման ենթարկվել, Նաջաֆին ասել է, որ խոսքը Նաթանզի մասին է:
Երկուշաբթի ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ Իրանի հարևան երկրներում ռադիացիոն շեղում չի արձանագրվել։
«Նշաններ չկան, որ միջուկային որևէ օբյեկտ հարձակման է ենթարկվել կամ վնասվել է։ Դա վերաբերում է նաև Բուշերի ատոմակայանին»,- ասել է Գրոսսին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։