Հորմուզի նեղուցը փակ է․ ԻՀՊԿ-ն սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարին սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով: Նրա խոսքը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։

«Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը հարվածներ կհասցնի ցանկացած նավի, որը կփորձի անցնել այդ նեղուցով։ Որոշումը վերաբերում է բոլոր նավերին՝ առանց բացառությունների։ Մենք կվառենք ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով։ Մենք թույլ չենք տա, որ նավթի ոչ մի կաթիլ դուրս գա այս տարածաշրջանից», – ասել է Ջաբարին։

Հորմուզի նեղուցով նավարկությունը կտրուկ նվազել է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, իսկ ապահովագրողները սկսել են բարձրացնել ռազմական պարգևավճարներն ու վերանայել ապահովագրական ծածկույթը անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին, հայտնել է Maritime News պորտալը: Պաշտոնապես շրջափակում չկա, սակայն շուկան անվտանգության սպառնալիքների պատճառով բախվել է փոխադրումների փաստացի դադարեցման։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն