Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Fly One Armenia ավիաընկերության ինքնաթիռը Մասկատից Երևան է վերադարձել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են Քաղավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ավիաընկերության ինքնաթիռը Երևանից մեկնել է Մասկատ՝ ՀՀ քաղաքացիներին ԱՄԷ-ից տարհանելու համար։ Ընկերությունը նշել էր, որ 2026 թվականի մարտի 3-ին կիրականացվի Մասկատ-Երևան հատուկ չվերթը։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։

Միևնույն ժամանակ ուղևորների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։ Sputnik Արմենիան ճշտում է տվյալները։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն կոչ էր արել Օմանից կամավոր վերադառնալ ցանկացող քաղաքացիներին լրացնել համապատասխան դիմում։ Նախարարությունը նաև հայտնել էր, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը կօգնի քաղաքացիներին ԱՄԷ-ից Օման տեղափոխելու հարցում։ Առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին և տարեցներին։

Նշենք, որ Օմանում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազաներն ու ենթակառուցվածքները Իրանի հարվածների թիրախ են դարձել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն