Անչափահասներին խնամքով պետք է վերաբերվել, յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է ձևավորել պիտակավորման հիմքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով կայքերից մեկում տեղ գտած «Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին» հրապարակմանը։
«Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին. նման վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։
Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։
Ի դեպ, կհիշեք անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։
Նշեմ նաև, որ մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակը՝ կոչ անելով զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։