«Պատերազմից առաջ Իրանի հետ համաձայնության հասնելն անհնար էր»․ ԱՄՆ հատուկ բանագնաց | news.am

news.am ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ «փետրվարի վերջին Իրանի հետ կայացած բանակցությունների երրորդ փուլի ավարտին վերջնականապես պարզ դարձավ, որ համաձայնության հասնելն անհնար է»։

«Լիովին պարզ էր, որ դա անիրագործելի է լինելու, հավանաբար, արդեն երկրորդ հանդիպման ավարտին, սակայն հետո մենք վերադարձանք երրորդ հանդիպմանը՝ վերջին փորձը կատարելու համար», – հայտարարել է նա Fox News-ի եթերում։

Ինչպես հաղորդում է DW-ն, Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Ժնևում Իրանի պատվիրակության հետ ունեցած մի շարք հանդիպումներից, որոնք նա անցկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ՝ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ միասին։ Հանդիպումների նպատակն է եղել համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ նրա՝ ամերիկյան կողմն իրանցիներին առաջարկել է տասը տարով դադարեցնել ուրանի հարստացումը, ինչի դիմաց Միացյալ Նահանգները պարտավորվում էր գնել իրանական էներգակիրները։

«Մենք նրանց հետ քննարկում էինք հարստացումից տասը տարով լիակատար հրաժարվելու հարցը, և մենք որոշել էին վճարել վառելիքի համար, – ասել է նա։ – Նրանք մերժեցին սա, ինչն այդ պահին մեզ ցույց տվեց, որ նրանք միջուկային զենք ստեղծելու նպատակով հարստացումը պահպանելուց բացի այլ ծրագրեր չունեն»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն