civilnet.am Ռուսական կողմի հետ քննարկում ենք Հայաստանի երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին հանձնելու տարբերակը: Այս մասին մարտի 3-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք պատրաստ են գնել հայկական երկաթուղիները, բայց չեմ կարող ասել որ երկրներն են դրանք»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ դեռևս կայացված քաղաքական որոշում չկա հարցի շուրջ։ Բանակցություններ են ընթանում։
«Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ, և բնական է՝ այդ մասին խոսակցություն ու հետաքրքրություն կա։ Այլ հարց է, թե վերջում ինչ որոշում կլինի»,- ասաց Սիմոնյանը։
Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
«Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում: Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», – ասել էր վարչապետը։
Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։ Մինչ օրս այս հարցով հայկական կողմը հաստակ արձագանք չունի Ռուսաստանից։
Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։