ԱԷՄԳ․ Հարվածների հետևանքով վնասվել է Նաթանզի միջուկային օբյեկտի մուտքը | azatutyun.am

azatutyun.am  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարում է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով վնասվել է իրանական Նաթանզ քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային օբյեկտը։ Այս մասին նշված է գործակալության X-ի օգտահաշվում։

«Այս պահին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա գործակալությունը կարող է հաստատել, որ վնասվել է Նաթանզում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքը։ Բուն գործարանը հարվածների հետևանքով չի տուժել, ուստի ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չեն ակնկալվում», – պնդում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն