armenpress.am Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները TRIPP նախագծի համար վտանգավոր չեն։
Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանի շուրջ զարգացումները և Մերձավոր Արևելքում լարվածությունը կարող են բացասաբար անդրադառնալ TRIPP նախագծի իրագործման վրա։
«Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ։ Շատ ցավում ենք այն զոհերի համար, որոնք լինում են և հույս ունենք, որ իրադարձությունները հնարավորինս կարճ կտևեն, որովհետև դա անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում, ինչը չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական հարց է, թերևս, ամենամեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևէ ձևով կապ չունի, և հույս ունենք, որ Հայաստանի շահերին դա որևիցե ձևով չի դիպչի»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը միաժամանակ շատ հաճելի հանգամանք է համարում, որ պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են միասին խաղաղության եզրեր գտնել։
Խոսելով այս իրադարձություններին համատեքստում Հայաստանի համար առկա մարտահրավերների մասին՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ անհրաժեշտ է չներքաշվել այդ ամենի մեջ և Հայաստանի Հանրապետությանը զերծ պահել խաղաղության գործընթացը հարվածի տակ դնող ինչ-որ գործընթացից։
Խոսելով Իրանի հայերի՝ Հայաստան տեղափոխվելու հնարավորության մասին՝ Սիմոնյանն ասաց՝ իր ունեցած տեղեկություններով այս պահին իրավիճակն այնպիսին չէ, որ իրանահայերը Հայաստան տեղափոխվեն։
«Այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ, թե նման վտանգ կամ միտում կա․ նման միտում չկար նաև 2025 թվականի հունիսին Իսրայելի ու Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ։ Բնականաբար, նման պարագայում մենք պլաններ ունենք, սակայն այս պահին նման հոսք չի եղել և չկա»,-ասաց Սիմոնյանը։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։