Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին | armenpress.am

armenpress.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկրի ռազմաօդային ուժերը «զգալի ուժով» հարվածել են Թեհրանում գտնվող կառավարական թիրախներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա նշել է, որ Իսրայելը շարունակում է սահմանափակել նաև Իրանում հրթիռների արձակման հնարավորությունները։

Կացի խոսքով՝ Իրանի դեմ գործողությունը «կշարունակվի ամբողջ ուժով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Telegram-ում տարածված հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ «հսկայական զինամթերք» է նետվել Իրանի նախագահական գրասենյակի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի շենքի վրա։

Նշվում է, որ հարված է հասցվել նաև ռազմական ուսումնական հաստատությանը և «ռեժիմի լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքներին»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն