Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխաների հուղարկավորությանը

Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխաների հուղարկավորությանը։

Իրանի հարավային Հորմոզգան Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակման առաջին օրը, երբ աշակերտներն առավոտյան դասի էին։ Հարվածի հետեւանքով զոհվել է շուրջ 168 մարդ, վիրավորվել՝ 95-ը, գրում է The Guardian-ը։

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը դպրոցը կանխամտածված չէին թիրախավորի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը։

Լուսանկարում՝ դպրոցի վրա հարվածի հետեւանքով զոհված աղջիկների համար փորված գերեզմաները, աղբյուրը՝ IRNA

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն