Հրաման եմ տվել «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբն ուղարկել Միջերկրական ծով․ Մակրոն | 1lurer.am

1lurer.am  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը վերատեղակայել Միջերկրական ծովում։

BFMTV-ն մարտի 1-ին հաղորդել էր, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը Բալթիկ ծովից ուղարկվել են Միջերկրական ծովի արևելյան մաս։

Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող արդարացնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները, քանի որ դրանք, ըստ իրեն, խախտում են միջազգային իրավունքը։

«Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտական ​​բանակցությունների վերսկսման դեպքում», – հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ ցանկալի է հնարավորինս շուտ դադարեցնել հարվածները։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիպրոսում բրիտանական ռազմական բազայի թռիչքուղուն։ Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն չի առաջարկել օգտագործել այս բազան Իրանին հարվածելու համար:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն