azatutyun.am Իսրայելական բանակը հարկադիր տեղահանման նոր հրահանգ է տվել Բեյրութի հարավային արվարձանների Հարեթ Հրեյք թաղամասի բնակիչների համար։
Բանակը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաքի քարտեզը՝ կարմիր գույնով նշված շենքերով, և զգուշացրել է, որ մարդիկ պետք է փախչեն այդ վայրից՝ պնդելով, որ դա «կապված է «Հեզբոլա»-ի հետ»։
«Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգության համար դուք պարտավոր եք անհապաղ լքել այս շենքերը և հեռու մնալ դրանցից առնվազն 300 մետր հեռավորության վրա, ինչպես նշված է քարտեզում»,- ասվում է բանակի հայտարարությունում:
Իսրայելական բանակը նախօրեին նաև հարկադիր տարհանման նոր հրահանգ է տվել երկրի հարավային հատվածի ևս 13 գյուղերի և քաղաքների բնակիչների համար։
Դրանց թվում են Քանան, Քֆար Քիլան և Մաջդալ Զունը։
Մինչ այդ իսրայելական բանակը 16 գյուղերի և քաղաքների բնակիչների էր նմանատիպ ծանուցում հրապարակել, մեկ օր առաջ էլ ավելի քան 50 բնակավայրերի բնակիչներին էր սպառնացել, որ լքեն իրենց բնակավայրերը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։