azatutyun.am ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) հայտնում է, որ փետրվարի 28-ից ի վեր Իրանում սպանվել է 1097 խաղաղ բնակիչ։
Գործակալության տվյալներով՝ նրանցից 181-ը 10 տարեկանից փոքր երեխաներ էին։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, այդ թվում՝ 100 երեխա։
Կազմակերպությունը նշում է, որ միայն վերջին 24 ժամում Իրանի վրա տեղի է ունեցել առնվազն 104 հարձակում։ Դրանք հարվածել են ռազմաբազաներին, բժշկական կենտրոններին և բնակելի թաղամասերին:
Հարյուրավոր այլ մահվան դեպքերի մասին հաղորդագրությունները ուսումնասիրվում են։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։