Զինծառայողների ատեստավորման կարգում փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, ըստ հիմնավորման, «հստակեցվում են զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները»:

Առաջարկվող փոփոխություններն են.

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի:

Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով:

Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։

Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար նախատեսվում է պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավարություն՝ 2 տարվա դեպքում՝ 1.5 մլն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ:

Առաջինից երկրորդ ընթերցում նախագծում փոփոխություններ չեն արվել։

Ընդդիմադիր մի շարք պատգամավորների կարծիքով՝ այս փոփոխությունները մի կողմից դրական են, մյուս կողմից, սակայն, անհավասար պայմաններ են ստեղծում այլ կարգավիճակ ունեցող զինծառայողների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն