«Երևան» երիտասարդական նվագախումբի անդամները Լիբանանից հատուկ չվերթով վերադարձել են Հայաստան

Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի՝ /ուղեկիցներով՝ 87 անձ/ ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:

«Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:

Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։

Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։

Թռիչքը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում»,- ասվում է հաղորդագրությունում:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն