factor.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է Մերձավոր Արևելքի արաբական երկրներին և հայտարարել, որ Իրանը «այլ ելք չուներ», քան պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին:
X սոցիալական ցանցում տեղադրված գրառման մեջ Փեզեշքիանը հարևան երկրներին ասել է, որ Իրանը ձգտում էր խուսափել պատերազմից ՝ հույս ունենալով նրանց օգնության վրա:
Սակայն, հավելել է՝ ԱՄՆ-ի ևԻսրայելի հարձակումները Իրանին «այլ ելք չեն թողել, քան պաշտպանվել»:
Իրանի նախագահն ընդգծել է, որ հարգում է հարևան պետությունների ինքնիշխանությունը և կարծում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի հենց տարածաշրջանի երկրների կողմից:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։