civilnet.am Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկի կարգը։ Նախագիծն ընդունվել է կառավարության մարտի 5-ի նիստին։
Ներկայում էլեկտրամոբիլների շարժիչի հզորության պարզումը խնդրահարույց է, քանի որ ներմուծվող մեքենաների զգալի մասի վրա կա՛մ բացակայում է նույնականացման պիտակը, կա՛մ դրա վրա նշված են լինում տարբեր՝ առավելագույն և նվազագույն հզորության արժեքներ։ Նշվում է, որ այս անորոշությունը բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիների վրա՝ փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան վճարման տեսանկյունից ։
Նախագծով առաջարկվում է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը վերցնել էլեկտրոնային անձնագրերի շտեմարանից, իսկ տվյալների բացակայության դեպքում կիրառել հատուկ բանաձև։
Ըստ այդմ՝ մինչև 250 ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում այն կբաժանվի 1,5 գործակցի վրա, 251 և ավելի ձիաուժի դեպքում հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ. 250 ձիաուժի և 1,5 գործակցի քանորդին կավելացվի 250-ը գերազանցող մասի և 2,5 գործակցի քանորդը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա արտացոլել շարժիչի հզորության օբյեկտիվ չափը։
Մինչև որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների տվյալները հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում և թվային վկայագրերում կփոփոխվեն ինքնաշխատ եղանակով։ Մասնավորապես, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված մեքենաների համար փոփոխությունը կիրականացվի հենց այդ օրվանից։ Որոշումը գործելու է մինչև մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը: