Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը մասնակի վերաբացվել է | armenpress.am

armenpress.am Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը հինգ օր փակ մնալուց հետո վերաբացվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Աթենքից իսրայելցիներին տեղափոխող օդանավը մարտի 5-ի առավոտյան վայրէջք է կատարել օդանավակայանում։

Ակնկալվում է, որ իսրայելական ավիաընկերությունները կօգնեն տուն վերադառնալ մոտ 100000 իսրայելցիների, ովքեր մնացել են դրսում Իսրայելի օդային տարածքի փակ լինելու պատճառով։

Իսրայելի իշխանությունները հաստատել են օդային տարածքի մասնակի վերաբացումը։

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ առաջին 24 ժամվա ընթացքում թույլատրվելու է ժամում մեկ՝ մոտ 200 ուղևոր տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի թռիչք։

Այս պահի դրությամբ հաստատվել են միայն մուտքային չվերթները։

Իսրայելի օդային տարածքը փակվել էր փետրվարի 28-ից, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն համատեղ խոշոր ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ, իսկ Իսլամական Հանրապետությունը պատասխանեց հրթիռային կրակով։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն