Մարտուն Գրիգորյանը գալիք ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի հետ

Մարտուն Գրիգորյանը խորհրդարանական գալիք ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ֆեյսբուքյան իր էջում նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա։ Ըստ նրա՝ այդ ընտրությունները լավագույն օրինակն էին այն մարդկանց համար, ովքեր կարծում էին, թե ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։

«Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է»,- իր որոշումը մեկնաբանել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ առաջիկա օրերին կխոսի Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։ 2015թ․ նա դադարեցրել էր անդամակցությունը կուսակցությանը։

ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով 2022 թվականին։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն